Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը միացվելու է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին
SocietyՀՀ կառավարությունը կքննարկի «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպման ձևով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին միացնելու նախագիծը:
Այն ընդգրկված է կառավարության մարտի 31-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման` երկու կազմակերպություններն իրենց կանոնադրություններին համապատասխան հետապնդում են միևնույն նպատակը, մասնավորապես` հավաքել, պահպանել, ուսումնասիրել, համալրել, գիտական մշակման ենթարկել հայ և այլ ազգի ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տնտեսությանը և գործնականին վերաբերվող արխիվային և թանգարանային արժեքները:
Միաժամանակ, համընկնում են նաև կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, մասնավորապես` վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, երեկոներ, դասախոսություններ և այլն) կազմակերպում, գիտահրատարակչական և գովազդային աշխատանքներ (ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարվեստին վերաբերվող) և ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդային արխիվային նյութերի հիման վրա վճարովի ծառայությունների մատուցում, ցուցահանդեսների ձևավորում:
Այսպիսով, աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ուժերի համակենտրոնացման և հիմնական խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերակազմակերպել կազմակերպությունները միացման ձևով: