Հաղարծինի վանքում ավտոկայանատեղին ստեղծվել է անխափան երթևեկություն ապահովելու նպատակով
SocietyՀաղարծինի վանքի տարածքում ավտոկայանատեղին ստեղծվել է անխափան երթևեկություն ապահովելու և անհարկի խճողումներից խուսափելու նպատակով, որոնք հատկապես ծանրաբեռնված օրերին պարզապես անընդունելի են: Ստեղծվել է լայն հնարավորություն մեքենաների կայանման համար ամբողջ տարածքի երկայնքով:
Այս ճանապարհով նաև հսկվում են մեքենաները, որի միջոցով հնարավորինս կկանխվեն գողությունները և վնասները:
Այս մասին նշել է Հայ առաքելական եկեղեցու Տավու շի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` տարբեր շահարկումների առնչությամբ տարածված պարզաբանման մեջ:
«Հատուկ ծառայություն է սահմանված հաշմանդամների կամ ֆիզիկական տկարություն ունեցող անձանց համար մեքենաները մինչև գրեթե վանքի բակում կայանելու եղանակով: Միևնույն ժամանակ բարեկարգվում է ամբողջ վանքի տարածքը՝ մաքրելով աղբից և թափոններից՝ հանգստավետ միջավայր ստեղծելով բոլորի համար»,- նշում է թեմի առաջնորդը:
Պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի աղբահանության ընկերության հետ, որպեսզի ամբողջ տարածքը լինի բարվոք և աղբազերծ վիճակում: Նախկինում մեկը մյուսի վրա՝ երկկողմանի կայանող մեքենաները լինելու են միակողմանի կայանմամբ, որով կկանխվեն նաև հնարավոր վթարները, որոնք շատ հաճախ պատահում են տվյալ տարածքում: Տարածքը սպասարկվում է հատուկ կազմակերպության կողմից, որը տրամադրում է համապատասխան կտրոններ:
«Սահմանվել է 300 դրամ վարձավճար անժամկետ կայանման համար, որով կվճարվեն սպասարկման ծախսերը: Հստակ հաշվարկներ չունենալով հանդերձ՝ մենք ի նկատի ենք ունեցել նաև մեր կրելիք նյութական վնասները, որոնք կարող են ծագել սպասարկման ծախսերը վճարելու հետևանքով: Եվ վերջապես, նպատակը տարածքում կարգ ու կանոն հաստատելն է և քաղաքակիրթ, բարեկիրթ սպասարկման միջոցով մարդկանց հանգիստն ապահովելը: Վերստին հաստատում ենք մեր պատրաստակամությունը մանրամասն բացատրություններ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր դրական մտահոգություններ կունենան այս առումով:
Մեր նպատակը և ցանկությունը մեր ժողովրդին բարենպաստ և բարեկարգ պայմաններով ապահովելն է, ինչպես նաև պատշաճ ներկայանալ օտարերկրացի զբոսաշրջիկներին և այլ միտումներ բացարձակ չունենք: Ցավում ենք, եթե որևէ մեկին անհարմարություն է պատճառվել, և բնականաբար բոլոր թերությունները կշտկվեն, որպեսզի ապասարկումը լինի բարձր մակարդակով:
Անշուշտ, մենք պարտք չենք համարում պատասխանելու հայհոյալից ու այլանդակ մեկնաբանություններին ու մեկնաբաններին, այլ պարզապես պատասխանատվություն ենք կրում հստակ կերպով առանց խուսափելու բացատրություններ տալ: Հայցո՛ւմ ենք Ձեր ներողամտությունը սպասարկման որևէ անհարմարության համար և շնորհակալությու՛ն ըմբռնման և համագործակցության համար»,-պարզաբանում է Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: