Անմեղ մարդկանց կորուստները պարտադրում են մեզ միասնականորեն դիմագրավել ահաբեկչության չարիքին. ԱԺ պատգամավոր
SocietyՀայաստանի Հանրապետությունը սատարում է ազգային, կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերն ու անհրաժեշտ համարում «ահաբեկչություն» երևույթի դեմ համատեղ պայքարը: Այս համատեքստում Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ տարածքից փախստականների հոսքերի հետևանքով առաջացած ճգնաժամերի կարգավորումը: Արմենպրեսի փոխանցմամբ`այս մասին ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով համաժողովի ժամանակ: «Ժամանակից աշխարհում օր օրի ահագնացող ահաբեկչության դեմ պայքարը դարձել է յուրաքանչյուր պետության և միջազգաին կառույցի առաջնային հանձնառությունը: Ահաբեկչության հանդեպ վախը դարձել է անասելի իրական, սակայն միջազգային հանրությունը պետք է գործի դնի իր բոլորյունակություններն ու կարողությունները կյանքը սովորական հուն վերադարձնելու համար: Քաղաքակիրթ հանրության վերապրումները, անմեղ մարդկանց կորուստները պարտադրում են մեզ միասնականորեն դիմագրավել ահաբեկչության չարիքին»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Նա ընդգծեց, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է այն ժամանակաշրջանում, երբ Եվրոպան սառը պատերազմից հետո ապրում է իր ամենաբարդ օրերը: «Երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում ենթադրում է հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորումից մինչև հասարակությունների միջև երկխոսության հաստատում: Մենք այս հարցում բազմիցս մեր աջակցությունն ենք հայտնել ու, նկատի ունենալով հակամարտությունների կարգավորման մեր մոտեցումները, միշտ կարևորել ենք երկխոսության և հասարակություններին խաղաղությանը պատրաստելու, հասարակություններում վստահության բարձրացմանն ուղղված գործողությունները»,-շեշտեց պատգամավորը:
Արտակ Զաքարյանը նկատեց, որ ներկայում ԵԱՀԿ տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվող երկրներին միավորող օղակն անվտանգության ապահովումն է` հավելելով, որ Հայաստանը միշտ էլ բարձր է գնահատել անվտանգության թեմաներով համագործակցությունը: Նա վստահեցրեց, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ քաղաքական օրակարգերին ու տարբեր տարածաշրջաններում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: