Երևանում և Գյումրիում համերգներով հանդես կգան ջազի վիրտուոզները
CultureԵրևանում և Գյումրիում համերգներով հանդես կգան ջազի վիրտուոզները: Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշնի» նախաձեռնությամբ «Jazz connection»-ի շրջանակում ապրիլի 12-ին, 13-ին և 17-ին կկազմակերպվեն համերգներ:
«Մեցցո Պրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը նշեց, որ համերգներին կմասնակցեն ջազ երաժիշտներ Լորեն Ռոբին (Ֆրանսիա), Մատիաս Ալամանեն (Ֆրանսիա), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան):
«Նրանց հետ ելույթ կունենա Վահագն Հայրապետյանը: Սեպտեմբերին Երևանում անցկացված «Yerevan Jazz Fest 2015»-ի ժամանակ հայկական լսարանը երաժիշտներին շատ բուռն է ընդունել: Նրանց մեկ անգամ ևս Հայաստան հրավիրելու գաղափարը ծնվեց այդ ժամանակ: Որոշեցինք նրանց մասնակցությամբ համերգ կազմակերպել»,-տեղեկացրեց Անի Սաղոյանը:
Համերգների շարքն ապրիլի 12-ին կմեկնարկի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ապրիլի 13-ին համերգ տեղի կունենա «Մեցցո» ակումբում, իսկ ապրիլի 17-ին`Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Համերգներին կներկայացվեն ջազային հայտնի կատարումներ:
«Գյումրիիում կազմակերպվելիք համերգի նպատակն է, որ այնտեղ հնարավորինս շատ երեկոներ անցկացվեն: Նպատակ ունենք այնտեղի մշակութային կյանքը ակտիվացնել: Մեր կողմից առաջարկ է եղել երաժիշտներին հանդես գալ այնտեղ, և չեն մերժել»,-հավելեց «Մեցցո Պրոդաքշնի» տնօրենը: