ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
EconomicsՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն մարտի 30-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի պատվիրակությանը: ՏՄՊՊՀ նախագահը կարևորել է հիմնադրամի գործունեությունը, հատկապես շեշտել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական ծրագրե րի դերն ու նշանակությունը: Ա. Շաբոյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաջնահերթությունները, առավել արդիական խնդիրները և խոսել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Ինչպես տեղեկացնում է ՏՄՊՊՀ կայքը, Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, առավել հնչեղություն ստացած վարույթներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև անդրադարձել է մրցակցային օրենսդրության փոփոխություններին: Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև միջազգային տարբեր վարկանիշային կառույցների գնահատականները ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ, որոնց համաձայն, տարեցտարի ակնհայտ է մրցակցության ոլորտում դրական դինամիկան:
ԱՄՀ երևանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը հետաքրքվել է հատկապես օրենսդրական փոփոխություններով՝ շեշտելով Հանձնաժողովի վերահսկողական գործառույթի և լիազորությունների ավելացման կարևորությունն ու տնտեսության զարգացման գործում ՏՄՊՊՀ դերն ու կարևորությունն ընդհանրապես։