Զինված հանցախումբը տեղեկություն է հավաքել Հայաստանի երեք նախագահների գործունության մասին
SocietyԵրևանում 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված հանցախումբը տեղեկություն է հավաքել քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց, գործարարների, ինչպես նաև Հայաստանի երեք նախագահների գործունության մասին:
Այս մասին նշեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:
«Խումբը վերահսկել է գործող նախագահի թիկնազորի աշխատանքները, տեղեկություններ հավաքել` հասկանալու համար, թե թիկնազորն ինչպես է աշխատում: Այդ նպատակով խմբի անդամները, այդ թվում` Արթուր Վարդանյանը, մասնակցել են սեպտեմբերի 24-ին Գյումրիում տեղի ունեցած Հայ կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և քողարկված եղանակով տեսանկարահանել գործող նախագհի ժամանման, այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանը կրել է երգչախմբի մասնակցի հագուստ, մեր գնահատմամբ, չնկատվելու համար»,-ասաց Միքայել Համբարձումյանը:
Նրա խոսքով, գործում կա ձայնագրություն, որը հանցախումբը պլանավորում էր Հանրային հեռուստաընկերությունը գրավելուց հետո ցուցադրել: Ուղերձի բովանդակությունը ԱԱԾ ներկայացուցիչը չներկայացրեց, միայն նշեց, որ Արթուր Վարդանյանը ձայնագրության սկզբում հայտարարում է, որ իրենք զենքի միջոցով հասել են իրենց նպատակին։ Առկա է նաեւ նոյեմբերի 13-ին անգլերեն նամակը։ Այդ ուղերձը պլանավորվում էր ուղարկել դեսպանատներին եւ դեսպաններին հրավիրել հաջորդ օրը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայանալիք ժողովին։ Դեսպանատների աշխատակիցներին պետք է ներկայացնեին, թե ինչ է տեղի ունեցել երկրում եւ ինչ նպատակներ ու ծրագրեր ունեն իրենք։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան,ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն:
Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քա նակությամբ զենք ևռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ,փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:
Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամնե րը, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: