Մոդել Անուշիկ Մանուկյանը` Փարիզում բնակվելու, կարիերայի եւ ընտանեկան համալրման մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Մոդել Անուշիկ Մանուկյանն ամուսնությունից հետո բնակվում է Փարիզում: Անուշիկը վերջին շրջանում Հայաստանի ամենապահանջված մոդելներից էր, որը, պարբերաբար, մասնակցում էր հայ դիզայներների ցուցադրություններին եւ տարբեր նախագծերի ֆոտոշարքերին: NEWS.am STYLE-ը կապ հաստատեց մոդելի հետ` պարզելու, թե որքանով է նրա կյանքը փոխվել ամուսնությունից հետո եւ ինչ նորություններ ունի այս պահին.

-Անուշիկ, արդեն հասցրե՞լ ես հարմարվել Փարիզի ապրելակերպին:
-Այո, արդեն որոշ չափով հարմարվել եմ այստեղի կյանքին, չնայած այն փաստին, որ մեր հայերի ջերմությունն այստեղ պակասում է:
-Ամուսնությունից հետո կարողանո՞ւմ ես զբաղվել մոդելային կարիերայով:
-Ի ուրախություն ինձ` նման հնարավորություն ունեմ, սակայն այդ ասպարեզ մտնելու համար ինձ ժամանակ է պետք: Շուտով կլինեն նորություններ, որոշ աշխատանքներ ընթացքի մեջ են: Հիմնական խնդիրը, թերեւս, լեզուն է: Դրա լիարժեք իմացության դեպքում, կարծում եմ` ավելի շատ հաջողություններ կունենամ:

-Ինչո՞վ ես, սովորաբար, զբաղվում Փարիզում:
-Այժմ կենտրոնացած եմ լեզվի պարապմունքների վրա: Հաճախում եմ դպրոց, որպեսզի կատարելագործեմ ֆրանսերենի իմացությունս:
-Այստեղ ամենապահանջված մոդելներից էիր. Հնարավո՞ր է` հրավերների դեպքում կրկին գաս Հայաստան` մասնակցելու ցուցադրություններին:
-Իհարկե, հնարավոր է. միանշանակ կայցելեմ եւ կմասնակցեմ նախագծերին:

-Եթե չեմ սխալվում, բացի մոդել լինելուց, նաեւ պարուհի ես: Կարողանո՞ւմ ես համատեղել այս երկու ոլորտները:
-Այո, պարս չեմ թողել: Զբաղվում եմ իսպանական պարերով, ուսումնասիրում եմ Ֆլամենկոն:

-Լավ, խոսենք ընտանիքի մասին. Մոտ ապագայում ձեր նորաստեղծ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է, թե՞ այս պահին կարիերայի վրա ես կենտրոնացած:
-Կենտրոնացած չեմ կարիերայիս վրա: Համենայն դեպս, ես իմ հնարավորությունների սահմանում եմ փորձում ստեղծել կարիերա` միանշանակ, չմոռանալով ընտանեկան կարգավիճակիս մասին: Աստծո կամոք, ամեն ինչ իր ժամանակին կլինի:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Անուշիկ Մանուկյանի Facebook-ի էջից