Ամռանը Հայաստանում կբացվեն առողջապահական երեք խոշոր կենտրոններ
SocietyԸնթացիկ տարվա ամռանը՝ հուլիս-օգոստոս ամիսներին, հանրապետությունում բացվելու են երեք խոշոր առողջապահական կենտրոններ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Դրանք են՝ Արյունաբանության կենտրոնը՝ փոխպատվաստման հատուկ բաժանմունքով, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և Հիվանդությունների կանխարգելման կենտրոնական մասնաշենքը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հատկացրեց 244 մլն դրամ՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնն անհրաժեշտ գույքով համալրելու և բարեկարգելու համար:
«Կենտրոնն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրութուն, որը պետք է համապատասխանի GMP ստանդարտին, ախտորոշում, որտեղ իզոտոպները կկիրառվեն սցինտիգրաֆիայում և պոզիտրոնա-էմիսիոնային տոմոգրաֆիայում: Առաջին մեթոդը Հայաստանում արդեն կիրառում է 5 բուժհաստատություն, իսկ երկրորդը Հայաստանում առաջին անգամ է ներդրվել: Կենտրոնի երրորդ մոդուլը նախատեսված կլինի ֆիզիկոսների հիմնարար աշխատանքների համար: Կարծում եմ` տեսական և կիրառական մշակումների միավորումը այս ոլորտի բժշկությունը դուրս կբերի որակական լրիվ նոր մակարդակի»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը:
Բժշկական իզոտոպների մոդուլը կազմելու է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի բաղադրիչ մասն է կազմելու: Այն կառուցվում է Համաշխարհային բանկի տրամադրած 12,4 մլն դոլարի շնորհիվ: Կենտրոնը համալրված կլինի ժամանակակից հոսքային արագացուցիչներով, բրախիթերապիայի սարքավորումներով, ախտորոշիչ հզոր լաբորատորիայով: Առայժմ կենտրոնը կկարողանա տարեկան ընդունել 500-1000 հիվանդի: