Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային համաժողովի
SocietyԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոնի» հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը մարտի 23-25-ը Մոսկվայում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ միջազգային համաժողովին:
Այն կազմակերպել էին Ռուսաստանի Դաշնությունը և ՄԱԿ-ը ՝ միացյալ ծրագրի շրջանակում։ Համաժողովը կրում էր «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագիրը:
Ինչպես տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմից, Հայաստանից համաժողովի պատվիրակների թվում էին նաև ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը: Համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների քրիստոնեական, մուսուլմանական և հրեական համայնքների պատգամավորությունները:
Համաժողովի բացմանը «Ազատություն» թեմայով ելույթ է ունեցել Նելսոն Մանդելայի թոռը՝ հարավաֆրիկյան քաղաքական գործիչ, «Աֆրիկայի ծաղկումը» հիմնադրամի ղեկավար Նդաբա Մանդելան:
Նրա ելույթը մեծ արձագանք է ունեցել: Իր խոսքում նա անդրադարձել է ողջ աշխարհով մեկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների և ազատության խնդրին՝ մասնավորապես նշելով. «Համաժողովին դուքկքննարկեք միլիարդի հասնող այն ծախսերը, որ անհրաժեշտ կլինի ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման համար, այնինչ մարդու արժանապատվությանը հարգանքով մոտենալը ոչ մի գումար չարժի, այդ պատճառով էլ այն անգին է»:
Երեքօրյա համաժողովի ընթացքում անցկացվել են 60 զուգահեռ սեսիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ: Հանդես են եկել ավելի քան 350 բանախոսներ: Համաժողովի աշխատանքն ընթանում էր երեք ուղղվածությամբ՝ «Աջակցություն միջազգային զարգացվածությանը», «Գիտություն և բժշկություն» և «Քաղաքացիական հասարակություն»: Քննարկվող թեմաներն էին՝ ՄԻԱՎ վարակի հետ կապված պրոֆիլակտիկան և բուժումը, միգրացիան և ՄԻԱՎ-ի տարածման խնդիրը, համընդհանուր բուժման ընդգրկում, խարան-խտրականություն ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ, կանայք և ՄԻԱՎ-ը, դեռահասները և ՄԻԱ Վ-ը, թմրադեղեր և ՄԻԱՎ, ՄԻԱՎ վարակի, տուբերկուլյոզի և այլ հիվանդությունների զուգահեռ բուժումը:
Տեր Գրիգորը մասնակցել է խնդիրը կրոնական տեսանկյունից քննարկող սեմինարներին՝ ծանոթանալով աշխատանքային այն փորձին, որ կիրառում են եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները և այլ կրոնի ներկայացուցիչները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ:
Եռօրյա սեմինարների ընթացքում կարևորվել է տարբեր եկեղեցական համայնքների միջև փոխհամաձայնության զարգացումը, տարբեր դավանանք ունեցող կրոնական համայնքների միջև լուսաբանող և կրթական աշխատանքը ՄԻԱՎ-ի կանխարգելման հետ կապված հարցում՝ իջեցնելով խարան-խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ:
Համաժողովի գլոբալ նպատակներից մեկն էր «90-90-90»-ը խորագրի ձևակերպումը, այն է՝ ՄԻԱՎ վարակակիրների 90%-ը գիտի իր կարգավիճակի մասին, 90%-ն ստանում է համապատասխան բուժօգնություն, և բուժօգնություն ստացողներից 90%-ը կարողանում է հասնել վարակի ճնշմանը:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար Միշել Սիդիբեն համոզված է, որ ՄԻԱՎ-ը հնարավոր կլինի ամբողջովին հաղթահարել և վերացնել մինչև 2030թ.:
Համաժողովի ավարտին ընդունվել է հանրագումարային հայտարարություն, որով մասնակիցները կոչով դիմել են Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ղեկավարներին, միջազգային և կրոնական կազմակերպություններին, հիմնադրամներին, քաղաքացիական-հասարակական և բիզնես-միությունների միավորումներին, որպեսզի հնարավորինս և առավելագույնս գործադրվեն բոլոր ջանքերն ու ռեսուրսները՝ մինչև 2030 թ-ը ՄԻԱՎ վարակի աճը կանգնեցնելու նպատակով:
Համաժողովին մասնակցում էին աշխարհի առաջատար գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանի երկրներից, ընդհանուր առմամբ՝ 2467 պատվիրակ՝ 79 երկրներից: