Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան- ինստիտուտում
CultureԿոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը: Մարտի 31-ին տեղի ունեցած իրադարձությանը մասնակցեցին անվանի կոմպոզիտորի ընտանիքի անդամները, բազմաթիվ արվեստասերներ:
«Կոլեկտիվը գործում է 1,5 տարի: Հենց առաջին մեր համերգին Սարյանի ստեղծագործությունն ենք նվագել: Մեր երկրում գնալով զարգանում է դասական երաժշտությունը, նույնիսկ երիտասարդ կոմպոզիտորներ կան, որ երաժշտություն են գրել մեզ համար, ցանկացել են, որ կատարենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը:
Համերգային ծրագրում ներկայացվեցին Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի ստեղծագործությունները: Ղազարոս Սարյանի դուստր Սոֆիկ Սարյանը քառյակի ստեղծումը նշանակալի երևույթ է համարում:
«Ղազարոս Սարյանի անունը կապված է ոչ միայն հայ կոմպոզիտորական արվեստի, այլև մեր կատարողական դպրոցի պրոֆեսիոնալ մակարդակի զարգացման հետ: Լինելով կոնսերվատորիայի ռեկտոր` նա շատ աչալուրջ և շահագրգիռ հետևում էր ամեն մի երաժշտի մասնագիտական կրթությանը: Նա գործիքավորման մեծ վարպետ էր: Շատ կարևոր է, որ նրա ավանդները ապրում են և նոր ծիլեր են տալիս, մաղթենք այս երիտասարդներին մեծ հաջողություններ և բեղուն ստեղծագործական ճանապարհ»,-նշեց նա:
Լարային քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է։ Քառյակի կազմում են Էրիկ Մանուկյանը (առաջին ջութակ), Անի Ադիկյանը (երկրորդ ջութակ), Ելենա Հայրապետյանը (ալտ), Էլյա Բալասանյանը (թավջութակ)։ Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը պլանավորում է համերգներ ունենալ նաև մարզերում: Դասական արվեստի տարածում ծրագրի շրջանակներում քառյակը փետրվարի 20-ին համերգ է ունեցել Ստեփանակերտում: