Ավստրիայում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել համաշխարհային պատերազմների հետևանքներն ուսումնասիրող ինստիտուտում
SocietyԱվստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն այցելել է Ավստրիայի Գրաց քաղաքում գտնվող Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտ:
Ինչպես հաղորդում է Ավստրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը, հաստատությունում դեսպանը հանդիպումներ է ունեցել ինստիտուտի հիմնադիր և ղեկավար պրոֆեսոր Շտեֆան Կարների և փոխտնօրեն պրոֆեսոր Բարբարա Շտելցլ-Մարքսի հետ:
Պրոֆեսոր Կարները և պրոֆեսոր Շտելցլ-Մարքսը պատմել են իրենց ղեկավարած ինստիտուտում ներկայումս ծավալվող հետազոտությունների մասին, ներկայացրել այլ երկրների (հիմնականում՝ նախկին ԽՍՀՄ պետությունների) հետ ունեցած սերտ համագործակցությունը, գիտական ու արխիվային նյութերի փոխանակման ասպարեզում և այլ բնագավառներում հետագա համատեղ ծրագրերը: Քննարկվել են հայկական գիտահետազոտական կենտրոնների, պետական ու մասնավոր արխիվների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այս տարվա հունիսին Ավստրիայի Ռաաբ քաղաքում Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի անմիջական մասնակցությամբ կազմակերպվելիք «Փախուստ, արտաքսում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի ժամանակ» խորագրով գիտաժողովի, ինչպես նաև միջոցառմանը հայկական մասնակցության հնարավորության մասին:
Այցելության վերջում դեսպան Կիրակոսյանը գրառում է կատարել կենտրոնի պատվավոր հյուրերի մատյանում և ավստրիացի գիտնականներին նվիրաբերել Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության մասին լույս տեսած գրականություն:
Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտիը հիմնականում զբաղվում է առաջին և երկրորդ աշխարհամարտերի հետևանքների ուսումնասիրությամբ: Ինստիտուտը բազմաթիվ պատմագիտական, քաղաքագիտական ու քաղաքատնտեսական գիտաժողովներ, սիմպոզիումներ է նախաձեռնում ինչպես Ավստրիայում, այդպես էլ այլ երկրներում: