Երկրապահներն ու այլ կամավորական ջոկատները պատրաստ են շփման գիծ մեկնելու հրահանգների
SocietyԵրկրապահ կամավորական միությունը հարյուր տոկոսով պատրաստ է կատարել իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԿՄ պաշտոնական դիրքորոշումը փոխանցեց միության մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը: Նա հավաստիացրեց, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետո ւթյան գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարների հետ համագործակցում է, ստանում առաջադրանքներ և իր գլխավորած կառույցի ներսում հերթին տալիս հանձնարարություններ: «Երկրապահը բանակի հիմնադիրն է, այսօր էլ բանակի ռեզերվն է, հայրենասիրական գաղափարախոսությամբ ղեկավարվող կառույց է: Ինֆորմացիային տիրապետում են ԵԿՄ-ում, և 100 տոկոսով պատրաստ են կատարել առաջադրանքը, իրենց պարտականությունները»,-ասաց Վարդան Վարդանյանը:
Հայոց ազգային գվարդիայի հիմնադիր անդամ Արշակ Զաքարյանն էլ հայտնեց, որ կամավորական ջոկատներ են ձևավորել ու սպասում են հրահանգի, որպեսզի մեկնեն առաջնագիծ: «Մենք պատրաստ ենք կատարել տարբեր հանձնարարություններ, հիմա սպասում ենք հրահանգի, որպեսզի մեկնենք: Մենք գործում ենք զինված ուժերի հսկողության ներքո և կատարելու ենք նրանց հրահանգները, ինքնագլուխ չենք գործելու»,-հավելեց Զաքարյանը: