ԼՂՀ-ում խուճապային իրավիճակ չկա և չի էլ կարող լինել. Դ. Բաբայան
SocietyԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է, որ թեև սահմանում իրավիճակը բավականին թեժ է, այնուամենայնիվ, ամբողջությամբ վերահսկելի է. «Հակառակորդը ստացել է շատ ուժգին հակահարված և այդ հակահարվածից բավականին երկար ժամանակ հետո կկարողանա ուշքի գալ, եթե, իհարկե, կարողանա: Ունի բազմաթիվ՝ հարյուրավոր կորուստներ, որոնք և´ զոհվել են, և´ վիրավորվել: Բացի այդ` ունի նաև ռազմական տեխնիկայի զգալի կորուստ: Այս պահի դրությամբ հետ են շպրտվել նրանց բոլոր գրոհները, ինչը, կարելի է ասել, որ շղթայական ռեակցիա է առաջացրել ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերում, որտեղից բնակությունը խուճապի մատնված անկանոն ձևով լքում է իրենց բնակավայրերը»,- ասել է Դ.Բաբայանը:
Նրա տեղեկացմամբ՝ ԼՂՀ-ի բնակչությունը բավականին հանդուգն կեցվածք է ընդունել և պատրաստ է պաշտպանել իր հայրենիքի սահմանները: Դ. Բաբայանը հավելել է նաև, որ կան նույնիսկ խմբեր, որոնք պատրաստ են մեկնել առաջնագիծ, սակայն այս պահի դրությամբ դրա կարիքը չկա, քանի որ Պաշտպանության բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները:
Ա.Գ.