Ադրբեջանն ընկել է միջազգային հանրության ոտքերը
AnalysisԱդրբեջանի ԱԳՆ-ն երեկ՝ ապրիլի 3-ին, դիմել է միջազգային կառույցներին՝ միջնորդելու, որ Հայաստանը բանակցություններ սկսի իրենց հետ և կառուցողական հուն տեղափոխի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը: Դեռ 48 ժամը չլրացած Ադրբեջանն արդեն աղեկտուր աղերսում է նույն այն միջազգային կառույցներին, ում հորդորները ոչ վաղ անցյալում արհամարհում էր ու սադրանքներ հրահրում: Խուճապի մեջ է նաև մեծ եղբայր Էրդողանը, ով լրագրողներին հայտնել է, որ հայկական կողմի համաձայնության դեպքում Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը: Էրդողանն այնքան է մտել դերի մեջ, որ մոռացել է, որ իրականում Ադրբեջան կոչվող պետությունը Թուրքիայի սահմանում չէ:
Այս և նման հայտարարությունները ուշացած են և այլևս ոչ մի արժեք էլ չունեն, քանի որ պետք էր դրանք ավելի վաղ անել, ոչ թե պղտոր ջրում փորձել ձուկ որսալ և միջազգային հարթակներում առևտուր անել: «Դալալ»-ի հոգեբանությամբ թուրք-ազերիները, սովորույթի համաձայն, վաճառքի են հանում այն ամենը, ինչից «օգուտ» կա, բայց մոռանում են, որ ներկան անցյալի հետ այլևս առանձնապես կապ չունի և հին ոճով «աճուրդով» զբաղվելը ոչինչ չի տա թուրք-ազերիական միությանը: Ի սկզբանե պետք է թուրքերն իմանային, որ պետք չէր կրակի հետ խաղալ, քանի որ հայը միամիտ եվրոպացի չէ, որ թուրք-ազերիական խաղերը չհասկանա կամ էլ նրանց արցունքներից ազդվի: Հայի համբերությունը չափել պետք չէ, այլ ընդամենը պետք է հարգել ու հաշվի նստել նրա հետ: Սա է իրականությունը, որը պետք է հասկական բոլորը:
Ինչ վերաբերում է «դրսից տղա բերելու» ադրբեջանական աղերսներին, ապա հայերի կողմից տրվող ներկայիս դասերը թուրք-ազերիական դաշինքի և ողջ միջազգային կառույցների համար լավ առիթ է մեկընդմիշտ հասկանալու, որ վաղուց ժամանակն է Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու և այս հարցին վերջնական լուծում տալու համար: Միջազգային հանրությունը պարտավոր է ընդունել, որ մեկ գրչի հարվածով Ադրբեջան պետություն դարձած հողակտորի տերերն իրավունք չունեն հայկական հողի նկատմամբ «պահանջ» ունենալ: Նրանք ընդամենը պարտավոր են ընդունել պատմական փաստերն ու ներկայիս իրականությունը և միշտ հիշել, որ ստախոսի, գողի ու ….-ի կյանքը ամենաշատը 40 օր կարող է լինել:
Ինչ վերաբերում է Արցախի շուրջ իրականցվող «առևտրին», ապա միջազգային հանրությունը պետք է ոչ թե կոչեր անի դադարեցնել հրադադարը, այլ նույն Ադրբեջանից պահանջի, որ առաջինը հենց ինքը ճանաչի Արցախի անկախությունը:
Արմինե Գրիգորյան