Ցույց Վիեննայում. Եվրոպայի հայկական համայնքը բոլոր երկրներում պահանջում է սանձել Ադրբեջանին
SocietyՎիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` նշելով, որ առաջիկա օրերին եվրոպական խոշոր քաղաքներում Հայ դատի գրասենյակների նախաձեռնությամբ հայկական համայնք ները կանցկացվեն բողոքի ցույցեր` ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ գործողությունների:
«Առաջիկա շաբաթ օրը սպասվում է Փարիզում, կիրակի օրը` Բրյուսելում: Արդեն եղավ Հունաստանում ու Լոնդոնում: Գործընթացը շարունակվում է: Հիմնականում բողոքի ցույցերն անցկացվելու են տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների մոտ: Պահանջն այն է, որ առաջին հերթին խաղաղ գործողությունները կասեցվեն, ահաբեկչական գործողություններին վերջ տրվի: Ինչպես նաև հարգել ձեռքբերված պայմանավորվածությունները, միջազգային իրավունքներրը»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ գործի են դրվել Հայ դատի բոլոր գրասենյակները և ակտիվ աշխատանք է տարվում քաղաքական հարթությունում, տարբեր երկրների կառույցներում: «Մեր նպատակն է, որ մատնացույց արվի Ադրբեջանը: Հիմնականում երկու կողմերին զսպվածության կոչ են անում, որը ճիշտ չէ, ուղղակի պետք է թիրախավորել Ադրբեջանին, որն ագրեսոր է ու ինքն է նախահարձակը: Մենք հաղթանակած կողմն ենք, մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հարկ եղավ, բնական է, որ պետք է մեզ պաշտպանենք»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Հայ երիտասարդները բողոքել են Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակողական գործողությունների դեմ: