Երբ գալիս է Արժանապատվության պահը
BlogՌուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր հիշենք նաև, որ դեռևս անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանը փորձեց նախահարձակ լինել և տարբեր զինատեսակներից ռմբակոծել սահմանամերձ գոտին, որի արդյունքում կրկին ցավալի զոհեր էինք ունեցել: Այն ժամանակ Հայաստանում բողոքի մեծ ալիք էր' Ռուսաստանի կողմից Ադրբեջանին աննախադեպ ծավալի զենք վաճառելու փաստի առիթով, որը մահաբեր կրակ էր սփռում մեր վրա ու հետագայում էլ նույնպես ուղղվելու էր բացառապես միայն մեր դեմ: Այդ օրերին էր, որ Ռուսաստանում անկեղծ զարմացել էին, որ հայերը ընդհանրապես կարող են ինչ որ հարցում հակառակվել ռուսներին: Բանը հասավ նրան, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկը հայտարարեց բառացիորեն հետևյալ զավեշտական խոսքերը. «Եթե անգամ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա Հայաստանը միայն պետք է ՈՒՐԱԽ լինի դրա համար»:
Իհարկե, ռուս պատգամավորի վերոնշված խոսքերում դժվար էր գտնել որևիցէ սթափ տրամաբանություն և իրավիճակի ադեկվատ ընկալում: Հարց էր առաջանում. «ուրախանայինք» ինչի՞ համար, արդյո՞ք միայն նրա համար, որ ազերիները ռուսական արտադրության զենքով են գնդակահարում մեզ ու ավերում մեր բնակավայրերը: Փառք Աստծո՝ այդ աստիճանի անհույս մազոխիզմը դեռևս ամբողջությամբ չի տիրել մեր գիտակցությանը: Անկեղծ ասաց, իհարկե միանշանակ տխուր է, որ այդքան փոքրացված է մեր երկրի ու մեր մարդկային կյանքերի գինը «ստրատեգիական դաշնակցի» պաշտոնյաների սահմանափակ պատկերացումներում: Բայց եկեք ընդունենք, որ այստեղ մեծ է նաև մեր իսկ մեղքի մասնաբաժինը:
Հուսանք, որ այսօր, երբ մենք հաղթած ենք դուրս եկել մեզ պարտադրված այս նոր պատերազմում, գուցե եկել է արդեն նաև Արժանապատվության պահը՝ շատ հարցեր վերաարժևորելու ու ներկան սթափ և իրատեսականորեն գնահատելու համար: Դա պետք է անել հանուն մեր երկրի վաղվա օրվա, որ կարողանանք իրոք անվտանգ Հայրենիք թողնել մեր ապագա սերունդներին: