Վարդենիկ գյուղն օգնություն է հասցրել առաջնագիծ
SocietyԳեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից արդեն առաջնագիծ է հասել սննդով բեռնված առաջին ավտոմեքենան, իսկ ցուցակագրված նախկին ազատամարտիկ կամավորները պատրաստ սպասում են առաջնագիծ մեկնելու կանչին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, արդեն Արցախ է հասել 1,5 միլիոն դրամի սննդով բեռնված ավտոմեքենան: Գումարը հանգանակել են համայնքի ղեկավարը եւ վարդենիկցի 3 գործարարներ: «Նախաձեռնությանը միանալու ցանկություն են հայտնել գյուղի շատ բնակիչներ, արտերկրում ապրող գործարարներ, այնպես որ, առաջիկայում եւս Վարդենիկը սատար կկանգնի թշմամու հարձակումից տուժած մեր հայրենակիցներին, հայրենիքի փրկության կանչով ռազմաճակատ մեկնած մե կամավորներին, սահմանապահ դիրքերում կանգնած մեր զինվորներին: Արցախյան ազատամարտում Վարդենիկի «Գայլավաշտի» մարտիկները փայլեցին իրենց սխրանքներով, հիմա էլ նրանք կամավոր կանգնած են հայրենափրկության դիրքերում: Երբ հայրենիքը վտանգի մեջ է, ոչ մի վարդենիկցի, այդ թվում եւ արտերկրում ապրող Վարդենիկի մի քանի հազարանոց սփյուռքը, չեն կարող անտարբեր մնալ»,-նշեց համայնքի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից ստացված տվյալներով՝ Արցախին օգնելու համար հանգանակություններ են հավաքվում նաեւ մարզի այլ համայնքներում:
Խոսրով Խլղաթյան