Ադրբեջանական նավթի գինը շարունակում է ընկնել
EconomicsԱդրբեջանական նավթի էժանացումը շարունակվում է: Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր 0,31 դոլարով կամ 0,8 տոկոսով է ժանացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Bloomberg-ը` նշելով, որ ներկայում Լոնդոնի սակարանում Azeri LT CIF տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց իջել է 38,86 դոլարի:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին: 2016 թվականի ապրիլի 2-ին Azeri Light տեսակի նավթի մեկ բարելն արժեր 39,22 դոլար:
Ներկա դրությամբ` Նյու Յորքի NYMEX ապրանքային սակարանում WTI նավթի մեկ բարելն արժե 36,86 դոլար, Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 38,63 դոլար:
Նավթի համաշխարհային գների շարունակական նվազումը պայմանավորված է այն բանով, որ Նավթ արդյունահանող երկրների միությունը` OPEC-ը որոշել է չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները` չնայած նրան, որ աշխարհում նավթի առաջարկը խիստ գերազանցում է պահանջարկին:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: