Մուրացանի հոսպիտալում զինծառայողը դուրս է եկել կոմայից. վիճակում կա դրական դինամիկա
SocietyՄուրացանի հոսպիտալում գտնվող ժամկետային զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից, վիճակը արդեն գնահատվում է կայուն ծանր: Այս մասին տեղեկացրեց Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Նա միացված էր արհեստական շնչառական ապարատին, սակայն նրա վիճակում դրական դինամիկա կա, քանի որ վիճակը ծայրահեղ ծանրից դարձել է կայուն ծանր»,-ասաց Ասատուրյանը:
Հայկ Թորոսյանն արձագանքել է հոր` Դավիթ Թորոսյանի խոսքին, սեղմել նրա ձեռքը:
19-ամյա զինծառայողը գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորում էր ստացել ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում: Նա տեղափոխվել էր Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, այնուհետև Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Ապրիլի 4-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի գլխավորությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միասնական աղոթք հնչեցվեց Արցախի խաղաղության, վիրավորների ապաքինման և զոհվածների հոգու հանգստության համար: Աղոթքին մասնակցում էր նաև Հայկ Թորոսյանի հայրը, ում հետ «Արմենպրես»-ը կարճ զրույց ունեցավ: Դավիթ Թորոսյանը նշեց, որ Մայր տաճար էր եկել Արցախի խաղաղության և զինվորների պահպանիչ աղոթով: «Այն ազգը, որ այսքան հավատքով է, այսքան հզոր է, երբեք պարտված չի լինի ու Աստծո զորությամբ ու հավատքով միշտ հ աղթած կլինի: Տղաս էլ վիրավոր է, հիմա Երևանի հոսպիատալում է: Վիճակը ծայրահեղ ծանր է: Նրա ու նրա ընկերների առողջության համար աղոթեցի»,-ասաց նա:
«Գիտեմ, որ շատ դժվար հարց եմ տալիս, բայց պատրաստ եք Ձեր որդու ապաքինման դեպքում, նրան կրկին սառաջնագիծ թողնել» հարցին ի պատասխան` Դավիթ Թորոսյանն ասաց. «անպայման, եթե մենք չպաշտպանենք` ով է պաշտպանելու մեր հողը»: