ԱՄՀ-ն Հայաստանում 2016-ի տնտեսական աճն ավելի բարձր է կանխատեսում, քան Կովկասի այլ երկրներում
EconomicsԱրժույթի միջազգային հիմնադրամը 2016-ին Հայաստանի համար տնտեսական աճը կանխատեսում է 2.25-2.5 տոկոս:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամիին:
«Տնտեսական աճը 2016-ին ավելի ցածր է լինելու նախորդ տարվա համեմատ, սակայն Հայաստանում տնտեսական աճն ավելի բարձր կլինի, քան տարածաշրջանի որոշ այլ երկրներում: Ամբողջ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի համար մենք կանխատեսում ենք 1.5 տոկոս աճ, Հայաստանի համար`2.25-2.5 տոկոս տնտեսական աճ»,-ասաց նա:
Պաշտոնյայի խոսքով` չնայած 2015-ին Ռուսաստանի տնտեսությունում գրանցված բացասական զարգացումներին, որոնք ազդեցություն ունեցան նաև Հայաստանի վրա, այստեղ գրանցվեց 3 տոկոսանոց աճ: «2015-ին գրանցված տնտեսական աճի նշյալ ցուցանիշը պայմանավորված էր մի քանի գործոններով, որոնցից մեկն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստավոր էր աճի համար: Մյուս գործոնը, որ լավ արդյունքներ արձանագրվեցին արտահանող ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը: Բայց, միևնույն ժամանակ, թույլ էին այն ճյուղերը, որոնք մեծ մասն աբաժին ունեն հարկաբյուջետային կառուցվածքում»,-հավելեց ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարը:
Հոսեյն Սամիին համոզմունք հայտնեց, որ 2016-ին Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների ցուցանիշը կկայունանա, որը մոտ 50 տոկոսով նվազել էր 2015-ին: «Եթե Ռուսաստանի տնտեսությունն աշխուժանա, դրամական փոխանցումները դեպի Հայաստան, կաշխուժանան»,-ավելացրեց նա: