Արտոնությունները նպաստում են ներդրումների իրականացմանը
EconomicsՏարբեր գործիքների միջոցով կառավարությունը քայլեր է անում ներդրումային ծրագրերը խրախուսելու համար։ Դրանք նպատակ ունեն խթանել ինչպես ներդրումները, այնպես էլ պայմաններ ստեղծել նոր աշխատատեղերի բացման համար։
Կառավարության կողմից կիրառվող գործիքներից մեկը վերջին տարիներին դարձել է ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգումը։ Մի բան, ինչը նախադրյալ է ստեղծում մի կողմից խթանելու նոր տեխոնոլոգիաների ներմուծումը Հայաստան, մյուս կողմից՝ նպաստում է ներդրումների ներգրավմանը։ ԱԱՀ հետաձգումը, այլ կերպ ասած, պետության կողմից ֆինանսական ուղղակի օժանդակության ձեւ է ներդրողներին, ինչը նրանց ազատում է այդ պահին հավելյալ ծախսեր կատարելուց։
Ավելացված արժեքի հարկի հետաձգման արդյունքում վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ իրականացվելիք ներդրումների գումարը բավական մեծ է։ Այն գնահատվում է ընդհուպ մինչեւ 400 մլն դոլարի չափով, ինչը լուրջ ներարկում է Հայաստանի տնտեսության համար։
Իհարկե, այնպես չէ, որ առանց ԱԱՀ արտոնության այդ ներդրումներն ընդհանրապես չէին իրականացվի։ Սակայն, կասկած չկա, որ դրանց ծավալներն անհամեմատ փոքր կլինեին։
Ավելացված արժեքի հարկի հետաձգումը կարեւոր աջակցություն է տնտեսական ծրագրերի իրականացման ժամանակ։ Թեեւ դա չի նշանակում, որ արտոնությունը ներդրողին ընդհանրապես ազատում է տեխնոլոգիաների ներմուծման ժամանակ առաջացող ԱԱՀ վճարելուց։ Գումարներն այսպես, թե այնպես վճարվելու են պետական բյուջե՝ սակայն արտոնյալ ժամկետի ավարից հետո, երբ ներդրումային ծրագիրը սկսում է աշխատել եւ արդյունք տալ։
ԱԱՀ գանձման հետաձգումը հնարավորություն է ստեղծում ունենալ լրացուցիչ շրջանառու միջոցներ։ Այդ դեպքում, ներդրողը այլեւս ստիպված չի լինում այլ աղբյուրներից հավելյալ գումարներ ներգրավել՝ տնտեսական ծրագրի իրականացման համար։ Հատկապես որ, էժան փողերը Հայաստանում շարունակում են խիստ սահմանափակ լինել։ Բանկային համակարգի կողմից տրամադրվող բիզնես վարկերը՝ բարձր տոկոսադրույքների հետեւանքով երբեմն ոչ միայն չեն նպաստում, այլեւ նույնիսկ ռիսկեր են ստեղծում արդյունավետ տնտեսական գործունեության համար։
Ավելացված արժեքի հարկի հետաձգումից բացի, ներդրումների խրախուսման համար կառավարությունը կիրառում է նաեւ մաքսատուրքերից ազատելու գործիքը։ Մինչեւ այժմ նման հնարավորություն է ստացել 6 ընկերություն։ Որքան էլ առաջին հայացքից նման արտոնության տրամադրումը կարող է այնքան էլ նպատակահարմար չհամարվել, այնուհանդերձ այն եւս կարեւոր գործոն է ներդրողներին ներգրավելու առումով։ Դրա վկայություններից մեկն էլ, նշված վեց ընկերություններին տրամադրված մաքսատուրքի արտոնության շրջանակներում ակնկալվող ավելի քան 100 մլն դոլար ներդրումների իրականցումն է եւ 550 նոր աշխատատեղերի ստեղծումը։
Նշենք, որ ԱԱՀ արտոնություն ստացած ընկերությունների ներդրումային ծրագրերով նախատեսված է ստեղծել 5,5 հազար նոր աշխատատեղ։
Անշուշտ արտոնությունների տրամադրումը կարեւոր գործիք է տնտեսական գործընթացներն աշխուժացնելու եւ ներդրումներ ներգրավելու համար։ Սակայն կարեւոր է նաեւ հետեւողական լինել նախատեսվող ծրագրերի ժամանակին իրականացման հարցում։ Որ կառավարությունը երբեմն-երբեմն ստիպված է երկարաձգել ներդրումային տարբեր ծրագրերի շրջանակներում տրամադրված արտոնյալ ժամկետները, վկայում է դրանց ոչ այնքան հարթ ընթացքի մասին։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ