ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Զաքիր Հասանովի հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է. ԼՂՀ ՊԲ
SocietyԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը ցինիկության գագաթնակետն է համարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, թե իբր ի տարբերություն հայկական կողմի իրենք «չեն կռվում կանանց և երեխաների հետ»: Այս մասին հայտարարույթուն է տարածել ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:
Հայտարարության մեջ ասվում է. «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…

Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի «հումանիստ» նախարար Հասանովի ղեկվարած «հզոր բանակի» ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…
Այսքանից հետո, թե ով է «կռվում կանանց և երեխաների հետ» և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով»: