Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել իր առաջիկա ելույթը Ամստերդամում
Lifestyle«Եվրատեսիլ 2016»–ին Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը որոշել է չեղյալ է հայտարարել իր առաջիկա ելույթը Ամստերդամում՝ չնայած գաղտնիք չէ, թե նմանատիպ միջոցառումները որքան կարեւոր են մրցույթի մասնակիցների համար. հենց դրանց միջոցով «Եվրատեսիլ»-ի նախաշեմին երիտասարդ արտիստները փորձում են ավելացնել երկրպագուների, հետեւաբար նաեւ իրենց օգտին քվեարկողների թիվը։
«Եվրոպայի իմ սիրելի ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել չեղյալ համարել նաեւ առաջիկա ելույթս Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել բողոքս եւ ցասումս այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը:
Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության եւ անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»,- Facebook-յան իր էջում գրել է Իվետան։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Եվրատեսիլի՝ մոսկովյան Известия Hall-ում անցկացված նախնական համերգից ընդառաջ Իվետան կրկին հրաժարվել էր բոլոր հարցազրույցներից, ժամանցային հանդիպումներից, կարմիր գորգի արարողությանը մասնակցելուց, ինչպես նաեւ նշել էր, որ կատարումը նվիրելու է 12-ամյա Վաղինակի եւ զոհված հայորդիների հիշատակին։