Ստեփանակերտում կյանքն ընթանում է բնականոն հունով
SocietyՉնայած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողություններին և վերջին օրերին առաջնագծում ընթացող թեժ մարտերին՝ Արցախի հպարտ մայրաքաղաք Ստեփանակերտում կյանքը շարունակվում է բնականոն հունով:
Ստեփանակերտի փողոցներում մարդիկ հանգիստ զբոսնում են, բոլորը զբաղված են իրենց առօրյա գործերով: Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ Ազատամարտիկների միության շենքի մոտ մի խումբ երիտասարդներ ապրիլի 7-ին համերգ էին տալիս՝ բարձրացնելով հրապարակում հավաքվածների տրամադրությունը:
Այս օրերին Արցախում է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Մենք իսկապես այս իմաստով յուրահատուկ ենք: Ես արդեն երկու օր է այստեղ եմ և կարող եմ ասել, որ որևէ ընկճվածություն չկա: Հակառակը՝ ավելին ու ավելին անելու արցախցիների պահանջատիրական լինելու գաղափարը կա: Կյանքն ընթանում է իր հունով, և ես վստահ եմ, որ այս պահանջատիրական և միասնական ոգին պահպանելու համար ամեն ինչ պետք է անել ու ուղղել այն բարեփոխումներին ու երկրի զարգացմանը: Իսկ մեր բանակն իսկապես ամուր կանգնած է:
Ընդամենը մի քանի ժամ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Երբ նայում ես զինվորների և հրամանատարների ուրախ դեմքերին, տպավորություն է, որ նրանց ցանկանում են հենց այդ դիրքերում էլ մնալ, քանի որ ուրիշ տեղերում կարող է ավելի վտանգավոր լինել: Այս իմաստով մենք ունենք յուրահատուկ իրավիճակ, որը պետք է կարողանանք ճիշտ ուղղությամբ զարգացնել»,- եզրափակեց պատգամավորը: