Սաֆարովի հերոսացումից հետո Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը չի փոխվել. Ռուզանա Մուրադյան
SocietyԱպրիլի 7-ը մայրության և գեղեցկության օրն է, սակայն հայ կանանց ընդհանուր մտահոգությունն այսօր մեկն է՝ խոսել հերոսների և պետության սահմանների ամրության մասին, որը պայմանավորված է ոչ թե զենքով, այլ ոգով: Լրագրողների հետ հանդիպմանը նման խոսքով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզանա Մուրադյանը:
Նա նշեց, որ տոնի առիթով կրկին պետք է գլուխ խոնարհել բոլոր մայրերի առջև, ովքեր ծնել են հերոսներ, որոնք անմահացան:
«Այսօրվա երիտասարդների օրինակով պետք է դաստիարակել նաև մյուս սերունդները»,- ասաց ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով՝ վերջին տարիներին շատերին թվում է, թե հարկավոր է փնտրել սերնդի դաստիարակության նոր մեթոդներ, որովհետև հայերի արժեքային համակարգը կորսվել է:
«Այդ արժեհամակարգը պահպանվում է մեր գենի մեջ. այսօր քաջաբար կռվող երիտասարդները դրա ապացույցն են, դրանում համոզվեց նաև թշնամին»,- իր խոսքում ընդգծեց Մուրադյանը: Նա համոզմունք հայտնեց, որ անկախ երկրի ներքաղաքական խնդիրներից ու որոշակի տարաձայնություններից՝ ողջ հայությունը միավորվել է մեկ նպատակի շուրջ: Աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին, որովհետև իրավիճակը ժամանակին ճիշտ չգնահատելու դեպքում նույն խնդրին կարող է բախվել ցանկացած այլ երկիր: «Ռամիլ Սաֆարովի հերոսացումից հետո չի փոխվել ոչ Ադրբեջանի ձեռագիրը, ոչ էլ որդեգրած քաղաքականությունը»,- ընդգծեց Մուրադյանը:
«Անահիտ» ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը հավելեց, որ 1994թ. հետո զինադադարը բազմիցս է խախտվել, որովհետև դա Ադրբեջանի ոճն ու տեսակն է: Նա ,սեփական փորձից ելնելով, նշեց, որ հրամանատար լինելը դժվար է՝ անկախ սեռից, որովհետև պատասխանատվությունը բոլորի կյանքի համար ընկնում է մեկ մարդու վրա:
«Թուրքը կրկին ցույց տվեց իր ոճը՝ մտածելով, թե լայնածավալ գործողություններով անակնալի կբերի, սակայն սխալվեց: Բոլորի համար պարզ է դարձել, թե ագրեսորն ով է»,- հավելեց Մարտիրոսյանը: