Պատերազմում...
BlogԳագիկ Մամուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միջազգային մարդասիրական իրավունք, «Կարմիր խաչ», «Կարմիր մահիկ», միջազգային հանրություն... ոչ ոք ու ոչ մի կազմակերպություն չի զգա ու չի հասկանա ճակատում զինվոր ունեցող մոր անհանգստությունը, խրամատում կողք կողքի կռվող ընկերոջ կորուստն ապրող զինվորի ցավն ու ցասումը, ինքնապաշտպանության բնազդով սպանելուն սովորած մարդու սրտի կոշտուկների մռմռոցը:
Աշխարհի հզորները մի օր մի թշնամի կստեղծեն քո համար ոչնչից, հետո էդ ոչնչի ու քո մեջ մի կռիվ կգցեն, հետո ամենքը մեկիդ մեջքին կկանգնի ու հաթաթա կտա, հետո զենք կվաճառի երկուսիդ վրա էլ, կկռվեք, կմորթեք, կգնդակահարեք ու կխեղեք իրար, հետո էլի կնստեն կորոշեն որ հերիք է, կռիվը դադարեցնել կտան, միջնորդներ կուղարկեն դիակերը հավաքելու ու գերիներ փոխանակելու համար, կմեծարես զոհվածներիդ, կսգաս, պատվով ու համազարկով հողին կհանձնես, մինչև հաջորդ ճակատամարտդ: Մի տեսակ ոնց որ դու լոկ խաղի հերոսը լինես, ջոյստիկներն իրենց ձեռքին է... քեզնով կխաղան էնքան ժամանակ, քանի դեռ դու կամք ու ուժ չունես չխաղալու իրենց խաղը:
Կբողոքես, ցույցեր կանես, դրոշ կվառես, դրոշ կծածանես, էլի ցույց կտան թե քեզ հաշվի են առնում, ով որ նեղացրել է, նրա թշնամին կփորձի սիրաշահել, բայց մեկ է, էլի իրենք իրար հետ լեզու կգտնեն ու քեզ կուղարկեն թնդանոթի բերան, էն թնդանոթի, որ իրենք են ստեղծել ու վաճառել երկուսիդ էլ: Ու քանի դու կամք չունես պարփակվելու քո մեջ, գոտիդ ձգելու ու հզորանալու, քանի տաս միլինոիցդ բոլորը թագավորացու են, քանի դռանդ շեմից ավել բան չես տեսնում, քանի հույսդ միջազգային հանրության ու միջնորդների վրա է, քանի դեռ քո մեջ կան մարդանման կապիկներ, ովքեր չեն հասկանում, որ իրենց միլիոնները քեզնով են աշխատում, դու ես պահում, որ առանց քեզ չեն հասցնի գոնե փախչել, երբ թշնամին չոքի դռանդ, դու միշտ էլ պիտի սփոփվես որ հողդ ես պահում, որ զոհված ախպերդ հերոս էր, որ դու քաջ ես, որ որսորդական հրացանով անօդաչու խփող հովիվ ու նռնականետով ուղղաթիռ խփող զինվոր ունես:
Հաղթեցինք թշնամուն, պարտվեցինք մեր սրտին: Ոչ մի հաղթանակ հետ չի բերի էդքան մարդու չիրականցված երազանքները, չստեղծված ու քանդված ընտանիքները, ոչ մի հաղթանակ չի չորացնի որդեկորույս մոր ու սիրած տղային երկու տարի սպասած աղջկա արցունքները: Տղերքը հերոսացան ու բռնեցին հավերժի ճամփան, իրենք բոլորը հատ հատ գիտեին հանուն ինչի զոհվեցին:Մմնացինք մենք...մնացինք մենք, որ հատիկ հատիկ վերծանենք նրանց շունչը տալուց մտքում ունեցած նպատակներն ու երազանքները և իրականացնենք, որ մի օր կանգնենք նրանց հարազատների առաջ ու ուղիղ կարողանանք նայել նրանց աչքերին, որ մեր ոտք ու ձեռք կորցրած ախպերների համար ոտք ու ձեռք դառնանք: Որ էս մի բուռ հողին ավելորդ բեռ չլինենք...
Մեկ է՝ պատերազմում պարտվում են բոլոր սիրտ ունեցողները ու քանի սիրտ ունես, պիտի սրտիդ պարտվես, թշնամուդ՝ հաղթես: