Դպրոցում մի տղա ասում էր՝ «Ես ձեզ սիրում եմ, բայց չգիտեմ որ մեկին»․ երկվորյակ քույրերի հետաքրքիր պատմությունները
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
NEWS.am STYLE-ը ներկայացնում է արտաքնապես նման հայ երիտասարդների, որոնց տարբերելն այդքան էլ հեշտ չէ։ Այս անգամ մեր հերոսուհիները 21-ամյա Հուրի եւ Շողեր Բաղդասարյաններն են: Նրանք ծնվել են Սիրիայում, ապրում են Հայաստանում: Ավարտել են ԵՊՀ-ի Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Բացի միասին սովորելուց, նաեւ միասին աշխատում են: Սակայն արտաքնապես նման զույգ քույրերը բնավորությամբ տարբեր են:
«Մանուկ հասակում արտաքուստ ավելի նման էինք, քան հիմա: Միգուցե ժամանակի ընթացքում մեր տարբեր բնավորությունները ազդել են արտաքինի վրա։ Դիտում ենք նույն ֆիլմը, կարդում ենք նույն գիրքը, բայց կերպարները տարբեր ձեւերով ենք մեկնաբանում, ներկայացնում։ Ընկալումները նույնը չեն, որն էլ գալիս է մեր բնավորության տարբերությունից»,- ասել է Շողերը։
Հուրիի խոսքով՝ Շողերն ավելի զգացմունքային է, լավատես, քան ինքը․ «Ես կարողանում եմ ինձ տիրապետել։ Ավելի շատ ռեալիստ եմ, օտար շրջապատում չեմ կարողանում շուտ ադապտացվել, իսկ Շողերն ավելի ընկերասեր, շփվող, լավատես է»։
Բնավորությանբ տարբեր քույրերն ունեն նույն նախասիրությունները։ Երկուսն էլ սիրում են ակտիվ հանգիստ՝ գնալ արշավների, տարբեր խենթություններ անել, սիրում են ազգագրական երգ ու պար։ Ի վերջո երկուսն էլ հետաքրքված են նույն մասնագիտությունով։
Նրանց խոսքով՝ ոչ հաճախ են վիճում․ «Իհարկե, ամեն մի փոքր բանի համար վիճել ենք, բայց մի րոպե հետո խոսել ենք իրար հետ եւ սկսել ծիծաղել»։
Ինչպես նշեց Հուրին, իրենք տարբեր մարդիկ են․ «Անգամ հագուստի պարագայում երբեք չենք ձգտել հատուկ միանման կամ տարբեր հագնվել։ Ընտրում ենք այն, ինչ մեզ դուր է գալիս։ Մտերիմ ընկերները մեզ տարբերում են, անգամ հեռոխոսով զրուցելիս։ Բայց մարդիկ էլ կան որ մեզ մի մարդու տեղ են ընկալում։ Այդ խնդրի հետ հաճախ ենք բախվում, որ մեզ որպես անհատականություն չեն ընդունում: Երբ ինչ-որ թեմայի շուրջ խոսում ենք ու մեզնից մեկը կարծիք է արտահայտում, դա դիտվում է, որ մենք երկուսս էլ այդ կարծիքին էինք եւ հաճախ ասում են՝ «դե դուք այսպես ասեցիք»։
Զույգ քույրերը մի քանի հետաքրքիր պատմություններ մեզ պատմեցին։
«Մեկ տարեկանում գնացել հայելու առաջ էի կանգնել ու մայրիկիս ասում էի՝ մամ տես Հուրինա: Մայրիկս հետո ինձ բացատրել է, որ դա ես եմ, ոչ թե քույրս։
Դպրոցում մեկս մյուսի տեղն ենք դասը պատասխանել։ Ուսուցչուհին կռահել էր, բայց ոչինչ չէր ասել: Մինչ օրս մի հատ 5 եմ պարտք:
Մի տղա կար դպրոցում, որ ասում էր՝ «Ես ձեզ սիրում եմ, բայց չգիտեմ որ մեկին»։
Եղել է, որ գիշերվա ընթացքում նույն երազն ենք տեսել։ Կամ եթե մեզնից մեկը իրեն լավ չի զգում, ապա մյուսը դա զգում է»։
Մելինե Տոնոյան
- See more at: http://style.news.am/arm/news/30531/dprocum-mi-txa-asum-er-es-dzez-sirum-em-bayc-chgitem-or-mekin%E2%80%A4-erkvoryak-quyreri-hetaqrqir-patmutyunnery.html#sthash.xZdCmBvy.dpuf











