Արփին եւ ԴերՀովան շուտով կներկայացնեն «Թամզարա» երգի տեսահոլովակը. backstage (լուսանկարներ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Երգչուհի Արփի Շահնուբարյանը երկարատեւ դադարից հետո իր երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով: Ինչպես նշեց երգչուհին, մայրանալուց հետո սա իր առաջին աշխատանքն է: Արփին ԴերՀովայի հետ օրեր առաջ նկարահանեցին «Թամզարա» տեսահոլովակը:
«Վաղուց էինք մտածում «Թամզարա» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իմ նախորդ տեսահոլովակից այն շատ է տարբերվելու: «Զեփյուռի վրա»-ն ավելի լիրիկական եւ հանգիստ երգ է, իսկ «Թամզարան»՝ խրոխտ, որտեղ ներկայացվում է հայ կնոջ ուժեղ կերպարը: Տեսահոլովակում նաեւ կարելի է տեսնել հայկական թամզարա պարը, որը վստահված է Սոֆի Դեւոյանի սաներին եւ Սասուն ազգագրական պարային համույթին՝ Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ»,- ասել է երգչուհին:
Տեսահոլովակի ռեժիսորը ԴերՀովան է: Սա նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է: Նրա խոսքով՝ իր եւ Արփիի ընկերությունը տարիների փորձ ունի: Նա միշտ Արփիի կողքին է եղել՝ օգնելով մի շարք երգերի գործիքավորման եւ ժաղավրդական ալբոմի իրականացման հարցերում։ «Գանձեր» ալբոմում ներառված երգերի ընտրության հարցում էլ է Դեր Հովան օգնել երգչուհուն։
«Ես սփյուռքում ապրող մարդ եմ եւ գիտեմ, որ երգերն են սիրված։ Ես Արփիին առաջարկեցի իր ձայնասկավառակի «Թամզարա» երգի հիման վրա տեսահոլովակ նկարի: Ինչ-որ չափով պատկերացնում էի, թե ինչ տեսակի կարող է այն լինել։ Մի լավ թիմ հավաքեցինք եւ սկսեցինք նկարահանել: Չեմ կարծում, որ երգը կքննադատվի, քանի որ դրա գործիքավորումը շատ լավ է արված: Օգտագործել ենք միայն ժողովրդական գործիքներ: Իսկ տեսահոլովակի առումով հնարավոր է քննադատեն»,- ասել է ԴերՀովան:
Տեսահոլովակում Արփին ներկայանալու է մի քանի կերպարներով. «Կերպարների ընտրությունը վստահված է Արամ Նիկոլյանին: Այն, ինչ մենք պատկերացնում էինք, տեսնում էինք նրա Ուրֆա հավաքածուի մեջ։ Առաջին կերպարս ավելի մեղմ է, մյուսը ավելի ազատ՝ դեպի մոդեռն, իսկ երրորդը հայ ուժեղ կնոջ կերպարն է»:
Երգչուհին ավելացրեց, որ նախկինում «Թամզարա»-ն հնչել է հարսանիքներին։ Պարել են տղա եւ աղջիկ միասին, որն էլ արտահայտված կլինի տեսահոլովակում:
Խոսելով իր երաժշտական ճաշակի մասին՝ Արփին ասել է. «Իմ երաժշտական ճաշակը տարբեր է։ Ես կարող եմ երգել ջազ, հետո անմիջապես կատարեմ ժողովրդական: Երգում եմ իմ ձեռագրով, իմ ոճով, իմ զգացողությամբ եւ իմ զգացածով: Եվ շատ ոգեւորիչ է, որ իմ երգերը լսում են ոչ միայն միջին եւ մեծ տարիքի մարդիկ, այլ երիտասարդներ: Ինձ համար ժողովրդական ֆոլկը նորություն է: Դրա համար շատ եմ ցանկանում իմ ձայնասկավառակի որոշ երգեր հասու դարձնել շատերին, քանի որ ինչպես գիտենք, այսօր ձայնասկավառակները չեն վաճառվում: Երգը տարածվում է միայն տեսահոլովակի միջոցով»:
Իսկ վերջում երգչուհին նշեց, որ չի բացառվում այլ ժանրերով էլ տեսահոլովակներ ներկայացնի:
Մելինե Տոնոյան








