Նորաստեղծ «Հայդուկ» կամավորական ջոկատը՝ առաջնագծում
SocietyԱրցախյան ազատամարտի մասնակիցները, պետական պաշտոնյաները և գործարարները շարունակում են այցելել ՀՀ և ԼՂՀ զորամասեր ու դիրքեր: Օրերս Մասիսի տարածաշրջանի ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Ստեփանյանի նախաձեռնությամբ գործարար Դալլաքյան Ավետիքը, Հովտաշատ գյուղի գյուղապետ Հովիկ Թադևոսյանը, «Ջրվեժ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սամվել Հակոբյանը արցախյան ազատամարտիկներ Նորայր Նահապետյանի ու Արտավազդ Մկրտչյանի հետ միասին հյուրընկալվել են Արցախ աշխարհի սահմանապահ զորամասերից մեկում:



Զորամասում նրանց դիմավորել են ազատամարտիկ հրամանատարներ «Ջերմուկի» Համոյի, «Մասիսի» Սայադի և Ղուկաս Հարությունյանի կողմից նոր ստեղծված «Հայդուկ» կամավորական ջոկատի ընդհանուր շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը և հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Խաչիկ Գասպարյանը: «Հայդուկ» ջոկատի հրամանատարական կազմը հյուրերի հետ քննարկել է առաջնագծում տիրող ներկայիս իրավիճակը: Հյուրերը հույս հայտնեցին, որ սահմանին տիրող լարված իրավիճակը շուտով կհանդարտվի, և որ Արցախի հարցը կլուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Քննարկումից հետո պատգամավոր Տիգրան Ստեփանյանի նախաձեռնությամբ հավաքված մթերքը փոխանցվեց «Հայդուկ»-ի զինվորներին, որոնք պատրաստվում էին բարձրանալ առաջնագիծ:
Ա.Գ.



