Թուրքիան կրկին խոսել է արխիվներն ուսումնասիրելու մասին
International newsՊաշտոնական Անկարան շարունակում է քննադատել այն երկրների խորհրդարաններին, որտեղ վերջին շրջանում ընդունվել են տարբեր օրենքներ և բանաձևեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, այս անգամ ցեղասպանության հարցում թուրքական դիրքորոշման մասին խոսել է Թուրքիայի մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը:
«Մենք հայտարարել ենք, որ մեր արխիվները բաց են: Սա խորհրդարանականների գործը չէ, խորհրդարանականները չեն կարող որոշում կայացնել պատմական իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել է մեջլիսի նախագահը: Նա ընդգծել է, որ փոխարենը խորհրդարանները «պետք է զբաղվեն ներկան ու ապագան կառուցելով»:
Չիչեքը հերթական անգամ առաջ է քաշել թուրքական չարչրկված միտքն «արխիվները բացելու և համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ»: Նրա հավաստմամբ' Թուրքիան պատրաստ է առերեսվել այն ամենի հետ, ինչը հայտնի կդառնա արխիվներն ուսումնասիրելուց հետո: