ԵՊՀ-ի մոտ սպանել են 21-ամյա երիտասարդի. կա կալանավորված
SocietyՍևան քաղաքի բնակիչ Գ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի սպանության համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեին:
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ ապրիլի 8-ին Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել է:
Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ազատ Աբրահամյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել ԵՊՀ-ին հարող տարածքում։ Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ-ին հարող տարածքում անձնական հարցեր պարզաբանելու նպատակով Ա.Աբրահամյանի հետ հանդիպել է Սևան քաղաքի բնակիչ Գ.Սարգսյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երիտասարդների ընկերները։
Գ.Սարգսյանի առաջարկով՝ Ա.Աբրահամյանի հետ առանձնացել են՝ զրույցն առանձին պայմաններում շարունակելու: Ըստ ձեռք բերված ապացույցների՝ հասնելով «Կենսաբանության» ֆակուլտետի մասնաշենքի հետնամասի մոտ՝ Գ.Սարգսյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ա.Աբրահամյանի կենսականորեն կարևոր օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: