Մեր հետախուզությունը մշտապես գործում է. Սեյրան Օհանյան
SocietyԱյսօր իրադրությունը շփման գծում, նաեւ Հայաստանի սահմանում վերահսկելի է, կայունացված է։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, մեր զինուժը ավարտել է իր խնդիրները, տեղակայված են իրենց շրջանում, պատրաստ են արագ արձագանքել համապատասխան խախտումներին։ «Իհարկե փոքր խախտումներ եղել են, բայց դրանք վերահսկելի են։ Սահմանին տեղակայված զորախմբերը ինչպես Պաշտպանության բանակում, այնպես էլ ՀՀ Զինված ուժերում կայունացման, ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ամրացվում է սահմանագիծը»,- ասել է Օհանյանը։
Խոսելով հակառակորդի ուժերի զորաշարժերի մասին՝ նախարարը նշել է. «Մեր հետախուզությունը մշտապես գործում է։ Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ոչ մի գերտերություն այսօր ապահովագրված չէ ոչ պատերազմից, ոչ ահաբեկչական գործողություններից։ Այս իրավիճակում մեր խնդիրը համախմբումն է եւ միասնական մեր առջեւ դրված խնդիրների իրականացնումն է։ Այն ինչ կատարվեց այս մի քանի օրում, մեր պայքարի շարունակությունն են, որը մենք միշտ հաղթահարել ենք մեր միասնության շնորհիվ»։
Ըստ նախարարի, ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցածը աննախադեպ էին իրենց մասշտաբներով, զորաշարժերով, զենք-զինամթերքի կիրառմամբ, նաեւ քաղաքական առումով։ «ՊԲ հրամանատարն ու զինվորը, կամավորականները ուղղակի հերոսություն են ցուցաբերել, նրանց սխրանքն է հիմք հանդիսացել մեր հաջողություններին»,- ասել է նա։
Օհանյանը նշել է, թե հայկական կողմը տեսնում է ամբողջ շարժը, որ իրականացնում է հակառակորդը եւ համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում։ «Վերջին օրերին 150-ից ավելի դիվերսիոն գործողություններ են եղել, բոլորը կանխվել են մեր հետախուզության շնորհիվ։ Զգոնության որոշակի խնդիրներ եղել են այս կամ այն հատվածում, բայց մեր հետախուզությունն աշխատում է»,- արձանագրել է նախարարը։