Կբարելավվի շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների որակը
SocietyՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020 թթ. ռազմավարությանը:
ՀՀառողջապահության նախարար ԱրմենՄուրադյանը նշեց, որ ներկայում շտապ բժշկական օգնության նախահիվանդանոցային փուլի հիմնական խնդիրներն են շտապ օգնության միասնական կառավարման, մոնիթորինգի և գնահատման համակարգի բացակայությունը, շտապ օգնության նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի անբավարար համագործակցությունն ու հետադարձ կապը, շտապ օգնության մեքենաների և բրիգադների անբավարար թիվը, ծառայության կառավարման միասնական համակարգի բացակայությունը: «Նախագծով սահմանվում են ռազմավարական ուղղություններն ու դրանց հասնելուն ուղղված գործողություններ: Մասնավորապես, նախատեսվում է կատարելագործել շտապ բժշկական օգնության ծառայությունը կարգավորող օրենսդրական դաշտը, մշակել շտապ բժշկական օգնության ծառայության ժամանակակից կազմակերպչական մոդելները` հաշվի առնելով Երևանի և մարզերի առանձնահատկությունները, մշակել շտապ օգնության կանչերի դասակարգման չափորոշիչներ և այլն»,- ասաց նախարարը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացումներ և փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համակարգված և միասնական գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ Մուրադյանի՝ որոշման նպատակն է գլոբալ տեղորոշման համակարգի ներդրմամբ ապահովել ՀՀ-ում մատուցվող շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համընդհանուր հեռակառավարման համակարգ, որն ուղղված է բնակչությանն օպերատիվ, որակյալ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ անկախ սեփականության ձևից՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաների համար գլոբալ տեղորոշման համակարգի առկայության պահանջ, ինչը հնարավորություն կտա հատկապես արտակարգ իրավիճակներում առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպել շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը: