Ճապոնիայում սկսվել է Օնտակե հրաբխի ժայթքումը
International newsՃապոնիայի Նագանոյի պրեֆեկտուրայում սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվել է Օնտակե հրաբխի ժայթքումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը հրաբխի մերձակայքում վտանգավորության մակարդակը մինչև 3 բալ է բարձրացրել՝ ըստ 5-բալանոց սանդղակի, և արգելել է 4 կիլոմետրից պակաս հեռավորությամբ մոտենալ դրան:
Դատելով այն կադրերից, որոնք ցուցադրում է NHK ճապոնական հեռուստաալիքը՝ խառնարանի վրա բարձրանում է մոխրի մի քանի կիլոմետրանոց սյունը: Օնտակեի հարակից շրջանների բնակիչները հայտնել են հրաբխի խառնարանում մի քանի պայթյունների և ապարների արտանետումների մասին: Տուժածների և ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:
Օնտակե հրաբուխը գտնվում է Տոկիոյից մոտավորապես 200 կմ արևմուտք ընկած շրջանում: Վերջին անգամ այն ժայթքել է 2007 թվականին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ: