Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողների առողջական վիճակը գնալով կայունանում է
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակը գնալով է բարելավվում է: «Բոլոր վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում, բոլոր հնարավորությունները մոբիլիզացվել են, որ նրանք հնարավորինս արագ ապաքինվեն»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մուրադյանը:
Ըստ նախարարի՝ ծայրահեղ ծանր հիվանդներից շատերն արդեն ապաքինման շրջան են մտնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: «Իհարկե, ունենք նաև վիրավորներ, որոնց համար պայքարում ենք, որպեսզի կայունացման շրջան մտնեն: Բայց նրանց թիվը գնալով ավելի ու ավելի պակասում է՝ հաշվի առնելով, որ շատանում է կայուն հիվանդների, կայուն վիրավորների թվաքանակը: Այսինքն՝ վիրավորների վիճակը գնալով բարելավում է»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Հարցին՝ արդյո՞ք զինծառայողների պրոթեզավորումը, եթե նման անհրաժեշտություն կա, կլինի անվճար, առողջապահության նախարարան ասաց, որ պետությունն այդ խնդիրը վերցնելու է իր վրա: Նախարարի խոսքով՝ այդ հարցով զբաղվում են, սակայն դեռևս ժամանակավրեպ է այն քննարկել՝ հաշվի առնելով, որ պետք է լինի այն փուլը, երբ հնարավոր է կիրառել պրոթեզավորման մեխանզիմները: «Այդ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են և միանշանակ լինելու են անվճար»,- ընդգծեց նախարարը: