Մեկնարկել է «Թատրոն-X» հանրապետական փառատոնը
CultureՀայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նիրված «Թատրոն-X» 9-րդ հանրապետական փառատոնը մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ: Փառատոնն ունի ստուգատեսային բնույթ. ցուցադրվում են հայ թատրոնի տարեկան ձեռքբերումները: Ապրիլի 15-ից մայիսի 9-ը Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդ ան և Աբովյան քաղաքների 12 թատրոններում կներկայացվեն 2015 թվականին բեմադրված դրամատիկ, տիկնիկային, պարային և կատակերգական ժանրի 14 ներկայացումներ:
Փառատոնը ներառում է նաև «Թատրոն-X»-ի նախագահ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գրքի շնորհանդեսը. այն կկայանա մայիսի 7-ին, ժամը 15:00-ին Էջմիածնի «Մաչանենց» թատրոնում:
Փառատոնի առաջին ներկայացումը`«Հովնանը», ցուցադրվեց Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանը նշեց, որ միջոցառումը համընկավ հասարակության համար բարդ անցումներով լի շրջանի հետ և առիթ դարձավ ևս մեկ անգամ մտածելու, թե 9 տարվա մեջ փառատոնն ինչ տվեց հայ թատրոնին: Նա ասաց, որ փառատոնի հիմնական խնդիրներից է ամրագրել հայ թատրոնում հաճախակի աննկատ թվացող փոխակերպումները, որոնք ճանապարհ են հարթում դեպի գեղարվեստ այլ իրականություն:
«Կարևոր է հասկանալ` արդյո՞ք հայ թատրոնը մշակել է մեխանիզմներ` ճշտելու իր դիմագիծը, որով արձագանքում է հանրային կյանքին, արդյո՞ք դառնում է ազգայի կյանքի գեղարվեստական շարունակությունը, հանրության սպասումների, մտահոգությունների արտահայտությունը»,- շեշտեց փառատոնի նախագահը: Նրան մտահոգում է այն հարցը, թե ինչու թատրոնն ու ազգային խնդիրները չունեն հատման կետ: Թատրոնը, որպես հասարակական երևույթ, չեզոք է մնում ազգային կյանքի բարդագույն հարցերում: Խզմալյանի համոզմամբ` հայ թատրոնը պետք է օգնի իր հանդիսատեսին ցույց տալ իրողություններ, որ անգամ հասարկությանը գուցե դեռ չի գիտակցում:
«Գալիս է թատերական նոր սերունդ` գեղարվեստական նոր չափանիշներով, ճակաշով և պատասխանատվության ավելի ուժեղ զգացումով, քան ավագ սերնդի մոտ էր»,- ընգծում է Արա Խզմալյանը: Նա իր խոսքերի վառ ապացույցն է համարում Արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում երիտասարդների կազմակերպած օպերատիվ մոբիլիզացումն ու օգնությունը: Այս հարցերի շուրջ նա խոսել է նաև իր «Հարցականի ներքո» գրքում: