«Եվրատեսիլ»-ում Մալթայի ներկայացուցիչը՝ Հայաստան այցի եւ Իվետա Մուկուչյանի մասին (լուսանկարներ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Եվրատեսիլ» 2016-ի Մալթայի ներկայացուցիչ Իրա Լոսկոն պրոմո-տուրի շրջանակներում ապրիլի 3-ին այցելել է Հայաստան։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ նախքան թռիչքը տեղեկացել է Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության մասին, սակայն չի հետաձգել իր այցը։
«Ինձ տեղեկացրել էին ներկա իրավիճակի մասին, բայց ես հետ չկանգնեցի եւ ցանկացա գալ եւ լինել Հայաստանում։ Իհարկե, ինձ հաճելի չէ այս իրավիճակը, բայց շատ կարեւոր է, որ իմ երգի միջոցով ես քարոզեմ խաղաղություն: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում ցանկանում եմ, որ խաղաղություն տիրի եւ պատերազմական իրավիճակներ չլինեն»,- ասել է երգչուհին, որը Հայաստան է եկել նաեւ Իվետային ավելի լավ ճանաչելու նպատակով: Ի դեպ գեղեցկադեմ Իրան ձեռնունայն չէր եկել Հայաստան։ Նա Իվետայի համար Մալթայից գիրք է բերել, որը պատմում է Մալթայի մասին է։
Երգչուհին նշեց, որ շատ է հավանել մեր մասնակցին. «Իվետան շատ գեղեցիկ, տաղանդավոր, դինամիկ երգչուհի է։ Շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրան։ Երկուսիս մեջ էլ ընդանուր բաներ կան։ Իմ եւ Իվետայի գլխավոր նմանությունն այն է, որ երկուսս էլ մեծ ոգեւորությամբ ենք անում այն, ինչ անում ենք»։
Երգչուհին նաեւ երկու ազգությունների մեջ է տեսնում նմանություն։ Նրա խսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Մալթայում մարդիկ շատ հյուրընկալ են։ Երկու ազգերն էլ կարեւորում են ընտանեկան ջերմությունը։
«Իսկապես հրաշալի երկիր է Հայաստանը։ Եղել եմ Գառնիում, Գեղարդում։ Համտեսել եմ հայկական կերակրատեսակներ, որոնք անմահական համ ունեին։ Ինձ շատ է դուր եկել հայկական բանջարեղենի թարմությունը, մուրաբաները եւ հայկական լավաշը»,-ասել է Իրան։
Երգչուհին նշեց, որ արձակուրդներին մեծ սիրով նորից կգա Հայաստան, քանի որ տեղի բնությունը նրան շատ է դուր եկել։
«Իվետան շատ է պատմել Հայաստանի տեսարժան վայրերի մասին։ Նա ասել է, որ լեռներում կարող ենք պիկնիկի գնալ։ Իսկապես, կցանկանայի ավելի շատ բան տեսնել այստեղ»,- ավելացրել է երգչուհին։
Շարունակությունը` այստեղ: