Գրականության ոլորտի ներկայացուցիչները հավաքվեցին Մարո Մարգարյանի 100-ամյակի առթիվ
CultureՄարո Մարգարյանի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի գրողների միության և Հայաստանի ազգային գրադարանի ջանքերով տեղի ունեցավ բանաստեղծուհուն նվիրված գրական հանդիսություն:
Գրողների միության քարտուղար և գրականագետ Պետրոս Դեմիրճյանն իր խոսքում նշեց, որ ինքն անձամբ շփվել է բանաստեղծուհու հետ 1970-ականներից սկսած: Գրականագետի բնութագրմամբ` Մարգարյանի էությունն ու պոեզիան ներքին նրբության ու փխրունության արտացոլանքն էին: 1950-60-ականներին գրական ասպարեզ մտած Գևորգ Էմինի, Պարույր Սևակի ու Սիլվա Կապուտիկյանի կողքին նրա նրբությունն ավելի ցայտուն է թվում, բայց դա առաջին և թերի տպավորությունն է:
«Նրա պոեզիան ամբողջապես ուսումնասիրելիս հասկանում ենք, որ այդ նրբության մեջ կա էպիկական խորություն»,- նշեց Դեմիրճյանը:
Նա ընգծեց այն փաստը, որ Մարգարյանի կյանքն ու գրական գործունեությունը սկսվեցին պատերազմից հետո տիրող մթնոլորտում, երբ հայկակակ պոեզիան «գլխատվել էր»: Գրականագետը կարծում է, որ բանաստեղծուհին Սևակի ու Շիրազի հետ պոեզիայի մեջ բերեց նոր շունչ ու զգացմունքներ:
«Մեր գրականագիտությունը Մարո Մարգարյանի պոեզիան և դրա էպիկականությունը ներկայացնելու խնդիր ունի այսօր»,- շեշտեց գրողների միության քարտուղարը:
Ըստ նրա` հատկանշական է նաև բանաստեղծուհու կերպարն իբրև հայրենասեր քաղաքացի, ով շարունակ սփյուռքահայությանը կոչ էր անում վերադառնալ և շենացնել Հայաստանը:
Գրողների միության անդամները, գրողներն ու հրապարակախոսները նաև ներկայացրին Մարո Մարգարյանի հուշերն ու բանաստեղծությունները` նվիրված հայ մեծ գրողներին, ինչպես նաև գրականագետների հուշերը բանաստեղծուհու մասին: