«Այբ»-ի աշակերտները ամերիկյան ռոբոտիկայի մրցույթում արծաթե մեդալակիր են դարձել, Հայաստան բերել նաև «Honda»-ի մրցանակը
SocietyԱՄՆ Օհայո նահանգի Մարիոն քաղաքում անցկացված «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» հեղինակավոր մրցույթից «Այբ» դպրոցի ռոբոտաշինության թիմը վերադարձել է արծաթե մեդալով և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով: Մրցույթին, որն այս տարի տոնել է հիմնադրման 30-ամյակը, ներկայացել է շուրջ 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ: Հայաստանի թիմի մասնակցությունը ամերիկյան ազգային մրցույթը դարձրել է միջազգային: «Այբ»-ի աշակերտները մրցույթին ներկայացել են իրենց սումո ռոբոտով: Հանդիսատեսի աչքի առաջ հայկական ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ է եղել այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած ռոբոտների հետ ու հաղթել այնպիսի թիմերի, որոնք տարիներ շարունակ մասնակցել են մրցույթին՝ մրցանակ շահելու հույսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Այբ»-ի ռոբոտիկայի թիմի անդամ Արեգ Քալանթարյանը նշեց, որ ռոբոտը պատրաստել են ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքում: «Մեր ռոբոտի նպատակն էր դաշտից հանել հակառակորդ սումո ռոբոտին, իսկ մեր առավելությունն այն էր, որ այն բոլոր կողմերից ուներ սիմետրիկ կառուցվածք, ինչի շնորհիվ մենք կարողացանք հեշտորեն հաղթել բազմաթիվ ռոբոտների: Միակ պարտությունը փոքրիկ անսարքության խնդիրն էր, ինչը կարելի էր ուղղել, պարզապես ռոբոտն ուներ շատ բարդ կառուցվածք»,-ասաց աշակերտը:
Նրա դիտարկմամբ` իրենց նախագծած ու պատրաստած ռոբոտի մրցակցային առավելությունները ձևի ու պաշտպանվելու կարողության մեջ էր, ինչի համար էլ ստացել են «Հոնդա» ընկերության սահմանած նորարարության մրցանակը: «Բոլոր ռոբոտները պաշտպանական դիրքի դեպքում շարժվում էին, իսկ մեր ռոբոտը տեղում պտտվում էր ու այլ ռոբոտներին հանում դաշտից»,-նշեց Արեգը:
Նրա խոսքով` մրցույթի շնորհիվ նոր ծանոթություններ ու փորձ են կուտակել, պատրաստվում են հաջորդ մրցույթին, ցանկանում են արդեն առաջին մրցանակը բերել Հայաստան: Հարցին ի պատասխան, թե կենցաղային կյանքում ինչպես կարելի է օգտագործել աշակերտների պատրաստած ռոբոտը` Արեգ Քալանթարյանն ասաց. «Եթե որոշակի փոփոխություններ կատարենք, այն կարող է ծառայել որպես փոշեկուլ: Կարելի է այն վերածել նաև ականազերծող կամ այլ գործառույթներ կատարող ռոբոտի»:
«Այբ»-ի ռոբոտիկայի թիմի ղեկավար Վազգեն Գաբրիելյանի խոսքով՝ մրցույթի մասնակիցներն ու հյուրերը հիացած էին հայկական թիմի սումո ռոբոտով ու դրա վրա կատարված աշխատանքի ծավալով: «Բոլորը հերթով մոտենում էին մեզ ու խնդրում ռոբոտին ձեռք տալ, նկարվել հետը: Շատ ուսուցիչներ ասացին, որ ԱՄՆ-ում չգիտեն այնպիսի դպրոց, որտեղ ռոբոտները պատրաստվեն բացարձակ զրոյից՝ «Այբ»-ի ռոբոտաշինության մակարդակով»,-պատմեց ուսուցիչը:
Դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն էլ շեշտադրեց հանգամանքը, որ ռոբոտաշինությունն ու ինժեներիան կարևոր բաղադրիչներ են «Այբ»-ի կրթական բովանդակության մեջ: «Դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիան և վերջերս գործարկված արտադրական լաբորատորիան՝ ֆաբլաբը, կրթությունը դարձնում են կիրառական՝ հնարավորություն տալով մեր երեխաներին առավելագույնս դրսևորելու իրենց ներուժն ու նոր բացահայտումներ կատարելու»,-նշեց նա: Արամ Փախչանյանի դիտարկմամբ` նշյալ մրցանակը «Այբ» դպրոցի ռոբոտիկայի թիմի առաջին նվաճումը չէր հայտնի միջազգային ռոբոտիկայ ի մրցույթներում, բայց ամենանշանակալիցն էր: «Ռոբոտաշինությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է: Այս հեղինակավոր մրցույթում մեր թիմի հաղթանակը ոչ միայն «Այբ»-ի, այլև Հայաստանի համար մեծ նվաճում է»,-հավելեց «Այբ» դպրոցի տնօրենը: