Գյուղապետի պորտֆել՝ ընդամենը 30 ձայնով
InterviewԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Եթե, օրինակ՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում ՀՅԴ-ական թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուին, ապա Սյունիքի մարզի Վարդավանք համայնքում ընտրությունները կարծես այդքան էլ թեժ չեն եղել. 73 ընտրող ունեցող գյուղում ընտրությանը մասնակցել է գյուղի ընտրողների կեսը, և ներկայիս գյուղապետը, 30 ձայն ստանալով, կրկին վերընտրվել է Վարդավանք համայնքի ղեկավարի պաշտոնում:
Նույն պաշտոնում արդեն 4-րդ անգամ ստանձնած Գարեգին Կոստանդյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում իրենց գյուղում ադրբեջանցիներ են ապրել, սակայն նրանցից հետո ներկայում գյուղում ընդամենը 45 ընտանիք է ապրում:
«Մեր գյուղում խնդիրներ չկան, և, ընդհանրապես, գյուղացու համար խնդիր չկա: Խնդիրը քաղաքացու մոտ է: Քաղաքում, որ աշխատատեղ լինի, գյուղացին ապրանքը կտա քաղաքացուն, բոլորը նորմալ կապրեն ու ոչ մի խնդիր էլ չի լինի»,- ասում է գյուղապետը:
Նրա խոսքով՝ իրենց գյուղում բոլորն էլ ջրով ապահովված են: Գյուղի բնակիչներն էլ հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում: Ու թեև գյուղի մոտակայքում գործող ձեռնարկություններ չկան, բայց իրենք իրենցով կարողանում են ապրել: Գյուղապետը նաև ցանկություն հայտնեց մեր կայքի միջոցով բարձրաձանել իր ցանկությունների մասին, որը, նրա կարծիքով, բավականին և՛ կթեթևացներ գյուղացու հոգսը, և՛ գումար աշխատելու հնարավորություն կընձեռեր:
«Ես կցանկանայի, որ մի հատ կաթի գործարան և մեկ հատ էլ մսի կոմբինատ կառուցվեր, որ գյուղացին, առավոտյան ժամը 6.00-ից մինչև երեկոյան 22.00-ն աշխատելով, կարողանար իր աշխատանքի գնահատականը տեսնել, որ կարողանար իր աշխատանքով ստեղծածը վաճառել և գումարը վերցնել: Այդքան բան: Ուրիշ ի՞նչ պետք է ցանկանա գյուղացին»,- ասում է Գ.Կոստանդյանը:
Հարցին, թե այդ հարցով դիմե՞լ է Սյունիքի մարզպետին, Վարդավանի գյուղապետը հակադարձեց, թե Սյունիքի մարզպետը ո՞ր մեկը կազմակերպի: Ըստ գյուղապետի՝ մարզպետը ինչով կարողանում է, իրենց գյուղին օգնում է, բայց նման հարցերը նրա ուժերից վեր են:
«Եթե օրինակ մի տուն է քանդված լինում կամ ճանապարհի մի քանդված հատված է պետք լինում վերանորոգել, դիմում ենք Սյունիքի մարզպետին, նա բոլոր այդ հարցերը լուծում է, այսինքն՝ ինչ իրենից կախված է ամեն ինչ էլ անում է, բայց ձեռնարկություն կառուցելն ավելի մասշտաբային հարց է և մարզպետը միայնակ չի կարող նման հարցերը լուծել, քանի որ դա իրենից կախված չէ:
Գյուղացուն պետք է իր ստեղծած մթերքը վաճառել, ոչ թե միսը վաճառելու ժամանակ գնա, մարդ գտնի, խնդրի, որ իր միսը կարողանա վաճառել: Գյուղացուն դա է պետք»,- ասում է Գ.Կոստանդյանը:
Վարդավանի գյուղապետն ասաց նաև, որ ներկա պահին իրենց գյուղում մսի մթերման գինը 1600-1800 դրամ է, սակայն, մինչ այդ, գյուղացին մոտ երկու տարի ժամանակ ու ռեսուրսներ է ծախսում կենդանուն խնամելու և նրա միսը շուկա բերելու համար, սակայն իրացման հետ կապված խնդիրներն ավելորդ դժվարություններ են ստեղծում գյուղացիների համար:
Ա.Գրիգորյան