ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է «ԱմԷն» միջազգային նախագծի կազմակերպչական խմբին
CultureՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունեց «ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական նախագծի կազմակերպիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման սկզբում նախագծի պրոդյուսեր Դավիթ Զարդը (Իտալիա) ներկայացրեց ծրագրի հայեցակարգը` նվիրված Հայոց ցեղասպանության և առհասարակ, աշխարհում տեղի ունեցող կամ ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Նրա խոսքով ծրագրի մեկնարկը կտրվի 2017 թվականին, Իտալիայի Վերոնա քաղաքում:
Ողջունելով նախագծի գաղափարը, նախարարն ընդգծեց այն ճիշտ ժամանակին կյանքի կոչելու կարևորությունը: Նա նշեց, որ վերջին տարիներին Իտալիայում հայ մշակույթի հանրահռչակման շնորհիվ` «ԱմԷն» նախագծի իրականացման համար ամուր հիմքեր են ապահովվել: Այս համատեքստում նախարարն անդրադարձավ 2011 թվականին Հռոմի «Բրասկի» թանգարանում «Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև», 2012 թվականին Վենետիկի «Կոռեր» թանգարանում` «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» և 2015 թվականին Հռոմի «Վիտտորիանո» թանգարանում` «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրերով հայկական քաղաքակրթական ցուցահանդեսների կազմակերպմանը:
Նախարարը հավելեց նաև, որ Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի ներկայացվածությունն ու «Ոսկե առյուծ» մրցանակին արժանանալու հանգամանքը` հայ ժամանակակից արվեստի նկատմամբ ձևավորված բարձր գնահատականի փայլուն երաշխիքն է:
Այնուհետև, կողմերը քննարկեցին ծրագրին առնչվող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր: