Արմենակ Ուրֆանյան. զինվորին եղբոր պես սիրող հրամանատարը
SocietyMediamax.am-ը գրում է.
-Մա՛մ, մի բան ասեմ`գալիս եմ տուն, «չեպե» եմ արել, ինձ զորացրել են:
Վերջին անգամ ապրիլմեկյան այս կատակով մոր հետ խոսեց 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը: Ժամեր անց Ուրֆանյանն ու իր անձնակազմը պետք է մարտի բռնվեին հակառակորդի հետ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջինը բախվողներից մեկը հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի տղաներն էին: Արմենակ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին, բայց թշնամու երրորդ փորձն իր հետ բերեց ուժերի գերազանցող ճնշում:
Հասկանալով ուժերի ու տվյալ պահին առկա զինտեխնիկայի անհավասար պայքարին հաջորդող չարիքը` Ուրֆանյանն անձնակազմին հրամայեց հետ քաշվել`միայնակ շարունակելով մարտն ու խոցելով թշնամու մեկ տանկ, մեկ տասնյակից ավել զինվոր: Հետո, գիտակցելով մոտալուտ վտանգը, արդեն վիրավոր կապիտանը վերջին նռնակով, իր հետ միասին, պայթեցրեց իրեն շրջապատել փորձող հակառակորդին ու հանձն առավ սեփական կյանքի գնով թշնամու առջեւ փակել Մարտակերտի «դուռը»:
«Զորացրվեց ու տուն եկավ՝ որպես հերոս՝ հետմահու պարգեւատրվելով «Մարտական ծառայության» մեդալով ու հավերժ մնալով բանակի տղեն. երբ ասում էի՝ «Տղես, անհանգիստ եմ», խիստ ձայնով ուղղում էր ինձ՝ «Մա՛մ, արդեն քո տղեն չեմ, բանակի տղեն եմ, անհանգստանալու կարիք չկա»»,- պատմում է Ուրֆանյանի մայրը՝ կուլ տալիս խոր ցավով ու հպարտությամբ լցված արցունքներն ու հավելում. «Այնքան վստահ էի, որ նրան ոչինչ չպետք է պատահի: Արմենը շատ պատրաստված էր, ու շատ լավ զինվորներ ուներ»:
Հայրենասեր, ընկերասեր, մարդամոտ, միշտ լավատես, անվախ ու շատ կատակասեր. այսպես են մերօրյա հերոսին բնութագրում ընկերներն ու մտերիմները:
«Մարտակերտում տպավորություն էր, թե Արմենը բոլորին պաշտպանելու համար էր ծնվել: Հրամանատարի համար բոլորը հավասար էին ու, չնայած իր դիրքին, բոլորին վերաբերվում էր որպես եղբայր: Առանց կոնֆետի դիրք չէր բարձրանում: Հիշում եմ, վերջին անգամ, երբ նրա հետ մարտական հերթափոխի էինք, զինվորներից մեկի քունը տանում էր, կապիտանը չթողեց, որ այդպես դիրքում կանգնի` երկժամյա հերթափոխում անձամբ ստանձնելով շարքային զինվորի դերը»,- հիշում է ծառայակից ընկերներից Նարեկը:
Շարունակությունը` այստեղ: