Մեր իշխանությունները երկրին վերաբերում են որպես խոպան տարածաշրջանի, որը կարելի է բզկտել. Վ.Բոստանջյան
EconomicsՏնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ բոլոր միությունները ստեղծվում են ազդեցության գոտիներ ստեղծելու և դրանց միջոցով մնացած երկրներին կառավարելու նպատակով, սակայն ապրիլյան պատերազմը ցուց տվեց, որ դաշնակից համարվող երկրներնառաջին հերթին առաջնորդվում են իրենց երկրների շահերով:
«Բոլոր հաջողությամբ զարգացող երկրներն ունեն հստակ արտաքին և ներքին ռազմավարություն, որի պարագայում կարողանում են զարգացնել երկիրը, իսկ երբ տեսնում են, որ որևէ երկիր սկսում է իբր մանևրել, կայացած երկրներն առաջին հերթին սկսում են ծիծաղել, իսկ երկրորդ հերթին՝ արհամարհել»,- ասում է Վ.Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը գործոն կարող է դառնալ միայն մի պարագայում, երբ արմատական համակարգային փոփոխություններ կատարի, այդ թվում՝ կառավարման գոյություն ունեցող համակարգից հրաժարվի, երկրի շահի տեսանկյունից վճռական դիրքորոշում ամրագրի և գոյություն ունեցող անաստված թալանը կասեցնի:
«Փաստորեն, ես չեմ տեսնում, որ մեր կառավարման համակարգը սիրում է մեր երկիրը, այլ տեսանելի է, որ մեր երկրին վերաբերում է որպես խոպան տարածաշրջանի, որը կարելի է բզկտել: Եվ այդ պարագայում, եթե դու քո երկիրը չես կարողանում տիրություն անել, ուրեմն ի՞նչ կարող ես պահանջել ուրիշ երկրից»,- ասում է Վ.Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ 18-20 տարեկան երիտասարդները պատրաստ են անգամ իրենց մարմնով պաշտպանել երկիրը, իսկ երկիրը թալանողներն ի՞նչ կարող են անել նույն երկրի համար:
«Կա բումենրանգի օրենք, և սեփական ժողովրդի հաշվին հարստացողներն իրավունք չունեն լավ ապրելու: Իրականում հասարակությունը մտածում է, թե ժողովուրդն է դրանից տուժում, բայց, երբ թերթում ենք պատմության էջերը, տեսնում ենք, որ պետությունն է կորուստներ ունենում: Եվ պետք չէ մտածել, թե երկիրը թալանողները վայելում են: Ո՛չ, նրանք տանջվելու են մինչև մահ»,- ասում է տնտեսագետը:
Խոսելով սահմանին գազի սակագինը 150 դոլար դարձնելու մասին՝ տնտեսագետն ասաց, թե ստացվում է, որ որևէ կապ չունի, թե ռուսական կողմն այն որքանով է վաճառում Հայաստանին: Փաստն այն է, որ Հայաստանի իշխանություններն իրենց ժողովրդին այն վաճառում են 400 դոլարով: Նրա հաշվարկներով՝ իշխանությունները կարող են էականորեն իջեցնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, սակայն կարծես չեն շտապում:
«Ուզում է՝ 189 դոլարը դարձնեն 165 դոլար, ուզում է՝ ավելի շատ իջեցնեն, Ռուսաստանում միամիտնե՞ր են նստած, իրենք չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում: Ուզում է՝ ձրի տան, նույնն է լինելու, այսինքն՝ ցանկացած դեպքում մենք մեր խոցելիությունը պետք է մեր մեջ փնտրենք, ոչ թե ուրիշների: Ինչպե՞ս կարելի է չափազանց ցածր եկամուտներ ունեցող ժողովրդից, որտեղ աղքատության մակարդակը իրականում 75 տոկոս է կազմում, մատչելիություն չապահովել: Մինչև հիմա հարց է մնացել, թե գազի սակագինը ո՞նց է 400 դոլար դառնում»,- ասում է Վ. Բոստանջյանը:
Արմինե Գրիգորյան