«ՀայՓոստ»-ը հյուրընկալել է Եվրոպայի փոստային օպերատորների` տարածաշրջանում առաջին լիագումար ժողովը
SocietyՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ»-ը ապրիլի 19-21-ը հյուրընկալել է «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում:
Եռօրյա միջոցառման նպատակն է միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր քննարկում են փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները արագորեն փոփոխվող նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում: Եվրոպայի փոստային ոլորտի որոշում կայացնող մարմինների համար համաժողովն արդյունավետ հարթակ է` փոխանակելու իրենց լավագույն փորձն ու ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ գաղափարները: Հա մաժողովի ժամանակ վեր կհանվեն էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային կառավարման ծառայությունների ոլորտում նոր հնարավորություններն ու զարգացման խթանները:
Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, «PostEurop» կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը, «PostEurop»-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:
«ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, ընկերության դիտորդ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանն էլ նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել կովկասյան տարածաշրջանում առաջին «PostEurop» լիագումար ժողովը:
«Սա յուրահատուկ հարթակ է Արևելքի ու Արևմուտքի միջև գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարևոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձևավորելու համար: «ՀայՓոստ»-ի համար կարևոր է «PostEurop»-ի և համաշխարհային փոստային միության փորձը փոստային գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացիոն և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի զարգացման տեսանկյունից»,- ասաց Գեչիջյանը:
«PostEurop» կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլն էլ նկատեց, որ իրենց համար պատմական պահ է գտնվել Հայաստանում:
«Մենք գնահատում ենք մինչ օրս «ՀայՓոստ»-ի` որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի արձանագրած առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ մեր շարունակական համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջև հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային առևտուրն ու կառավարումը»,-նշեց «PostEurop» կառավարման խորհրդի ղեկավարը:
Լիագումար նիստին կհաջորդի բիզնես ֆորում` միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ: Նրանք կքննարկեն փոստային ոլորտի մարտահրավերները` լուծումներ առաջարկելու ավելի զարգացած ու կայուն ոլորտի ստեղծման ուղղությամբ` նախքան այս տարվա սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային փոստային միության կոնգրեսը: