Կայացավ Քեսաբի եւ Ադանայի կոտորածների մասին պատմող «Կանչ» ֆիլմի պրեմիերան (ֆոտո)
LifestyleNews.am-ը գրում է.
Քաջություն, հայրենասիրություն, հայապահպանություն… ահա «Կանչ» գերղարվեստական ֆիլմի հիմնական գաղափարախոսությունը։ Ֆիլմի պրեմիերան կայացավ ապրիլի 20-ին: Մինչ ցուցադրությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրոդյուսեր Հայկ Ավագյանը, բեմադրող ռեժիսոր Գուժ Թադեւոսյանը եւ դերասան Ռուբեն Կարապետյանը խոսեցին ֆիլմի մասին:
«Ֆիլմում խաղում են պատանիներ: Մենք հատուկ ենք ընտրել նրանց որպես թիրախային խումբ, քանի որ չունենք այս թեմային անդրադարձ ֆիլմի ձեւով, որը կհետաքրքրի հենց պատանիներին»,- ասաց Հայկ Ավագյանը:
Կինոնկարը պատմում է Քեսաբի եւ Ադանայի կոտորածներից հետո ողջ մնացած երկու պատանիների՝ Վարդանի եւ Միհրանի մասին, որոնք հայտվել են թուրքական ռազմական վարժարանում՝ մեկը բռնությամբ, մյուսը՝ ակամա: Վարդանը, այլ տարբերակ չունենալով, ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երեւացող մոր, հոր, պապի եւ քրոջ՝ Արաքսիի տեսիլներն անընդհատ հիշեցնում են պապի նվիրած մագաղաթյա Սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը: Վարժարանում դաժան կտտանքների է ենթարկվում Միհրանը, ում Իբրահիմ են կոչում, սակայն Վարդանը հնարավորինս օգնում է նրան: Վարդանը, ապավինելով իր ուժերին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը, եւ փորձում է փախուստի դիմել Միհրանի հետ:
«Ֆիլմում մագաղաթն այն հոգեւոր արժեքն է, որ հայը կրում է իր խորհրդով, իր բարոյականությամբ, իր արժանիքներով: Մենք պայքարող եւ պահպանող ժողովուրդ ենք: Մեր առաջ հենց այդ խնդիրն է դրված՝ զենք վերցնել եւ պահպանել մեր հայրենիքը»,- նշեց Ռուբեն Կարապետյանը:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորի խոսքով. «Ֆիլմի ասելիքն այն է, որ հայի կերպարը մնայուն է, այն հաղթահարում է բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելով իր տեսակը: Ֆիլմը ստեղծելիս, իհարկե, հանդիպել ենք խոչընդոտների, քանի որ ներկայացնում ենք մեր պատմության ցավալի էջերից մեկը: Բայց մեր ստեղծագործական խմբով ամեն ինչ հաղթահարել ենք»:
Նշենք, որ գեղարվեստական ֆիլմում դերերը մարմնավորել են Հենրիկ Շահբազյանը, Լեւոն Վարդապետյանը, Անետա Օհանջը, Հովակ Գալոյանը, Ռուբեն Կարապետյանը, Ռոմելա Թամարյանը եւ այլք: Իսկ «Կանչի»-ի սաունդթրեքը կատարել է Դալիթա Ավանեսյանը:
Ինչպես հավելեց Հայկ Ավագյանը՝ ֆիլմը կցուցադրվի նաեւ Հայատանի մարզերում եւ Արցախում:
Մելինե Տոնոյան