Վայր, որտեղ կարող ես տոնել լավ ապրած կյանքդ. Ջորջ Քլունին՝ Փարաջանովի թանգարանի մասին (Ֆոտո)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Օրեր առաջ Հայաստան ժամանած աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցից հետո կեսօրին եղել է 20-րդ դարի կինոինդուստրիայի մեծագույն արվեստագետներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում։ Հանրահայտ դերասանը շրջել է ամբողջ թանգարանում, տեսել կինոռեժիսորի կոլաժները, գծանկարները, տիկնիկները, գլխարկներն ու այլ գեղարվեստական գործեր։ Քլունին մեծ տպավորություններով է հեռացել Ս. Փարաջանովի տուն-թանգարանից։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնեց տուն–թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

«Քլունիին շատ է դուր եկել թանգարանը։ Անընդհատ հարցեր էր տալիս Փարաջանովի կյանքից եւ արվեստից։ Նրան հատկապես դուր էր եկել «Նռան գույնը» ֆիլմը։ Դերասանը հետաքրքությամբ դիտել է այն՝ ասելով ֆանտաստիկ ֆիլմ է»,- ասաց գիդը։
54-ամյա դերասանի համար հատուկ հյուրասիրություն էր կազմակերպված։ Խոհարար Նուբար Ջիվանյանի խոսքով՝ 54-ամյա դերասանը համտեսել է մի քանի ուտեստներ, այդ թվում՝ իշլի քյուֆտա, բեկոնով կերակրատեսակներ, հոլիվուդյան աստղին հատկապես դուր է եկել փռի մեջ եփած կարմրախայտը։
Նշենք, որ դերասանը վերջում գրառում է կատարել թանգարանի մատյանում և իր կարծիքն է գրել թանգարանի մասին. «Վայր, որտեղ կարող ես տոնել լավ ապրած կյանքդ»։
Մելինե Տոնոյան