Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Արտաշատում տեղի ունեցավ երթ
SocietyՄարզկենտրոն Արտաշատում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մարզի գլխավոր երթը, որը մեկնարկեց Արտաշատի հրապարակից: Դեպի Ցեղասպանության զոհերի հուշակոթող քայլեցին, ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնելով իրենց խոնարհումն արտահայտեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզային եւ քաղաքային կառույցի ներկայացուցիչներ, Արտաշատի կապի ուսումնական զորամասի եւ ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի սպայական եւ զինվորական անձնակազմը, Ոստիկանության, Արարատի մարզային փրկարարական վարչության, մարզային այլ կառույցների եւ հիմնարկ ձեռնարկությունների, ներկայացուցիչներ, քաղաքացիներ, դպրոցականներ: Վերջիններս իրենց ձեռքներին ունեին այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը:
Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանն իր խոսքը սկսեց Տերունական աղոթքով: Նա ընդգծեց, որ մեր ազգի նկատմամբ սեր տածող բոլոր ժողովուրդներն այսօր մեկտեղվել են մեզ հետ սգալու այս օրը: «Այսօր հիշատակի եւ բարեխոսության օր է, քանզի 1,5 մլն հայորդի նահատակների շիրիմների առաջ ենք խոնարհվում: 101 տարի առաջ ժողովուրդների պատմության մեջ տեղի ունեցավ եւս մեկ ոճիր` մարդասպանություն: Դա հայ ազգի հանդեպ գործված այնպիսի աղետ ու բարբարոսություն էր, որ կարող էր անել միայն բանականությունից զուրկ մարդը: Նա պանտմություն չունեցող մի խուժան էր, որն իր ձեռքը բարձրացրեց հնամենի, լավագույն անցյալ ունեցող, ստեղծագործ մի ազգի վրա»,- իր խոսքում հնչեցրեց հոգեւոր հովիվը, ավելացնելով, որ այսօր խոնարհվում ենք 101 տարի առաջ սրբադասված անմեղ նահատակների առջեւ:
Հուշակոթողին ծաղիկներ դնելուց եւ իրենց խոնարհումն արտահայտելուց հետո տեղի ունեցավ սգո երթ` դեպի մարզկենտրոնի Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի,որտեղ տեղի ունեցավ պատարագ:
Բացի Արտաշատից, մարզի մյուս երեք քաղաքային եւ գյուղական համայնքներում, վաղ առավոտից Ցեղասպանության 101-ամյա տարելիցի կապակցությամբ տեղի են ունեցել սգո երթեր, պսակադրման, մոմավառության արարողություններ:
Լիլիթ Մաճկալյան