Չնայած արտաքին խնդիրներին՝ գրանցվեց տնտեսական բարձր ակտիվություն
EconomicsՏնտեսությանն աջակցելու նպատակով կառավարության ձեռնարկած քայլերն ակնհայտորեն նպաստավոր ազդեցություն են թողնում Հայաստանի գործարար միջավարի աշխուժացման վրա։ Դրա վկայություններից մեկն էլ տարեսկզբին արձանագրված բավական բարձր տնտեսական ակտիվությունն էր, որը գրանցվեց արտաքին միջավայրում ձեւավորված լուրջ դժվարությունների պայմաններում։
Ինչպես հայտնի է, առաջին եռամսյակի տվյալներով, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմեց 5,5 տոկոս։ Արտահանումն ավելացավ 26 տոկոսով։
Առկա տնտեսական մարտահրավերների պայմաններում, արձանագրված ցուցանիշներն ինչ-որ առումով նույնիսկ անսպասելի էին։ Արտաքին միջավայրը Հայաստանի տնտեսության համար տարեսկիզբին այնքան էլ բարենպաստ չէր։ Դա արտահայտվեց ինչպես հումքային ապրանքների շուկայում ձեւավորված ցածր գնային միջավայրով, այնպես էլ Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով։
Ռուսական ռուբլու արժեզրկումը, որն էական ազդեցություն է թողնում այս շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա, տարեսկզբին ոչ միայն խորացավ, այլեւ հերթական ռեկորդը սահմանեց։ Մի պահ դոլարի գինը կազմեց 83 ռուբլի՝ նոր բարդություններ ստեղծելով արտահանվող ապրանքների իրացման համար։
Թեեւ եռամսյակի վերջում ռուբլին սկսեց արժեւորվել, այնուհանդերձ դոլարի գինը շարունակեց բարձր լինել 68 նիշից։ Համեմատության համար ասենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն տատանվում էր 60-62 ռուբլու սահմաններում։
Մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսության համար խնդիրները ոչ միայն պահպանվեցին, այլեւ խորացան հանքահումքային ապրանքների համաշխարհային շուկաներում։ Պղնձի գինն այս տարվա սկզբին լողում էր հիմնականում տոննայի հաշվով 4,5 հազար դոլարի շրջակայքում։ Այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գերազանցում էր 6,1 հազարը։ Մի բան, ինչն անհամեմատ դրական էր ոլորտի հայաստանյան ընկերությունների համար։
Չնայած ձեւավորված այսպիսի անհարմարություններին, այնուհանդերձ տարեսկզբին Հայաստանի տնտեսությունը կարողացավ ակտիվության շատ ավելի բարձր մակարդակ ապահովել։ Համեմատության համար ասենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը կազմում էր 2,5 տոկոս։
Առկա արտաքին խնդիրների պայմաններում առաջին եռամսյակում աննախադեպ էր հայկական ապրանքների արտահանման աճը։ Այն ավելի քան մեկ քառորդով գերազանցեց անցած տարվա մակարդակը։
Առաջին եռամսյակում Հայաստանից 28 մլն դոլարով ավել ապրանք է արտահանվել նաեւ 2014թ. համեմատ, երբ արտաքին ու ներքին միջավայր շատ ավելի բարվոք վիճակում էր։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ