Մեր զինվորները, թշնամուն լռեցնելուց բացի, հասցնում են մրցույթների մասնակցել ու նաև հաղթել
InterviewՊարզվում է՝ մեր զինվորները ոչ միայն լավ կռվում են, այլև հասցնում են նաև մասնակցել գեղարվեստական ինքնագործունեության խմբային մրցույթներին:
Հայոց բանակում ծառայող շարքային Հայկ Մանուկյանը, ով այս օրերին զենքը ձեռքին մեր սահմանն է անառիկ պահում, հասցնում է նաև ազատ ժամանակ ոչ միայն երգեր ու բանաստեղծություններ գրել, այլև մասնակցել մրցույթների ու հաղթող ճանաչվել: Վերջերս կազմակերպված մրցույթին նա հանդես եկավ միանգամից երկու երաժշտական կատարմամբ և ասմունքով: Նրաակտիվությունը չվրիպեց նաև լրագրողի աչքից, ով առանձին հոդվածով ներկայացրեց Հայկին:
Մշակի ընտանիքում ծնված ու մեծացած հայրենիքի զինվորը հայրենիքին ծառայելը ոչ թե իր պարտքը, այլ պարտականությունն է համարում: Նա շատ երազանքներ ունի, սակայն այսօր ծառայության ընթացքում իր թիկունքում ամեն օր իր ընտանիքի, հարազատների ու ընկերների «շնչառությունը» զգալով` զենքը ձեռքին կարողանում է անառիկ պահել հայոց սահմանը: Զենքից բացի՝ իր խրոխտ ձայնով նա կարողանում է իր երգերով ոգևորել զինակից ընկերներին և հպարտանում է մեր բոլոր զինվորների հաջողություններով, ովքեր կարողանում են ոչ միայն լռեցնել անսանձ հակառակորդին, այլև զսպել նրա ցանկացած ոտնձգություն:
Շարքային Մանուկյանը, սակայն, համաձայն չէ այն տեսակետին, որ հայրենիքի առջև պարտքը երկու տարի բանակում ծառայելն է միայն: Նրա կարծիքով՝ հայրենիքի հանդեպ ծառայությունը նախ սկսվում է զինվորական հագուստով, ապա շարունակվում ողջ քաղաքացիական կյանքի ընթացքում:
«Մշակն իր պարտքն ունի, շինարարը, քաղաքագետը, տնտեսագետն ու մյուս մասնագիտություններ ունեցողներն էլ իրենց պարտավորության չափն ունեն: Ու եթե բոլորն էլ իրենց պարտքի չափը զգան ու իրենց ուժերի ներածին չափով գործեն ի շահ Հայաստանի, ապա բոլորս միասին կունենանք ավելի բարեկեցիկ երկիր»,- ասում է Հայկ Մանուկյանը:
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողը ինստիտուտի ռեկտոր Ա.Դարբինյանից նույնպես շնորհակալագիր է ստացել՝ հայ զինվորի առաքելությունն արժանապատիվ կատարելու համար:
Հայկը հասցնում է ոչ միայն փայլուն ծառայել, այլև փայլել նաև մրցույթների ժամանակ: Ծառայության ընթացքում ԼՂՀ ՊԲ զինվորը պարգևատրվել է ՊԲ մի շարք պատվոգրերով, իսկ ԼՂՀ-ում կազմակերպված շարադրությունների մրցույթին նրա «Հայրենիքի սահմանների պաշտպանությունը բոլորիս սրբազան պարտքն է» վերնագրով շարադրությունը ճանաչվել է լավագույնը և գրավել երրորդ տեղը, ՊԲ հրամանատարի կողմից պարգևատրվել է նաև օբսիդիանից պատրաստված հուշանվերով:
Orer.am-ի հետ զրուցում Հայկի մայրը՝ Նվարդ Սարգսյանը, ասաց, որ երկու որդի ունի, մեկն արդեն ավարտել է ծառայությունը, իսկ Հայկը մի քանի ամսից կզորացրվի: Որդիների հաջողությունները ոգևորում են ոչ միայն իրեն, այլ ամուսնուն և իրենց բոլոր հարազատներին, քանի որ այս դժվարին պայմաններում իրենց հաջողվել է ամենանվիրական պատգամը որդիներին փոխանցել և հայրենիքին պիտանի քաղաքացի ու լավ մարդ դաստիարակել:
Ասվածին հավելենք, որ Հայկով ու նրա զինակից ընկերներով հպարտանում են ոչ միայն նրանց հարազատները, այլև ողջ հասարակությունը, քանի որ նրանց գիտելիքի ու բազկի շնորհիվ է, որ նենգ թշնամին կրկին մտել է իր բույնը:
Ջայնդ անսպառ, միտքդ պայծառ, հա՛յ զինվոր: Անփորձանք ծառայություն և բարի վերադարձ դեպի քաղաքացիական կյանքի երկարատև ծառայություն:
Արմինե Գրիգորյան