Հայկական զինված ուժերը կունենան ռազմաբժշկության ապահովման սեփական մոդելը
SocietyՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը կձեւավորեն ռազմաբժշկության ապահովման սեփական մոդելը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ապրիլի սկզբի ռազմական գործողությունները ստիպեցին վերանայել որոշ մոտեցումնեÖ €:
«Լինում են առաջադրանքներ, որոնց կազմակերպման աշխատանքի արդյունավետոթյունը երևում է ռազմի դաշտում: Քառօրյա պատերազմը, ցավոք, եղավ այդ իրավիճակը: Քանի դեռ նման իրավիճակում քո մոտեցումները չես կիրառում, չես կարողանում լիարժեք հասկանալ այս կամ այն պլանի արդյունավետության աստիճանը: Այդ ընթացքում մեր մեջ ծնվեց բժշկական ապահովման նոր մոդել, որը չի լինի ոչ ՆԱՏՕ-ական, ոչ ռուսական, այլ զուտ հայկական բժշկական ապահովման մոդել, որը բոլոր առումներով գերազանցելու է: Մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք` ելնելով մեր տարածքի բնույթից, աշխարհագրական դիրքից»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով, դա ամենևին չի նշանակում, որ եղած մոտեցումները արդյունավետ չեն, պարզապես դրանք կատարելագործվում են: Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների ընթացքում կատարված աշխատանքին, ապա Կամավոր Խաչատրյանն ընդգծեց մեր ռազմական բժիշկների հերոսությունները: Բացառիկ վիրահատություններ են կատարվել առաջնագծից 10 կմ հեռավորության վրա: Արդյունքում` զինծառայողի վնասված ոտքը հնարավոր է եղել փրկել: Այսօր տղան քայլում է: